12/04/2023 10:11
«Վարել են անձնազոհ մարտ». ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ զոհված զինծառայողների հիշատակը
Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց երեկ ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ՀՀ զինված ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջացառումներ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու ուղղությամբ:
«Վարել են անձնազոհ մարտ, թշնամուն պատճառել են զգալի վնասներ, հակառակորդն ունի մեծաթիվ զոհեր ու վիրավորներ, ցավոք, հայկական կողմը նույնպես ունի զոհեր ու վիրավորներ, ունենք չորս զոհ ու վեց վիրավոր: Ապաքինում մաղթենք մեր վիրավորներին ու մեկ րոպե լռությամբ հարգենք զոհերի հիշատակը»,- նշեց Ռուբինյանը:
Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ:
Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն: