12/04/2023 15:30
Հայաստանում կանանց շրջանում ավելացել է թմրամիջոցների օգտագործումը
Հայաստանում թմրամիջոց օգտագործողների թվի ավելացում ու օգտագործողների տարիքի երիտասարդացում է նկատվում, խնդիրը կանխարգելելու համար համապատասխան գերատեսչությունները հանձնարարականներ են ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
«Մենք մեր բժշկական հաստատությունների միջոցով նկատում ենք, որ ոչ միայն թմրամիջոց օգտագործողների շրջանում ավելացում կա, այլ նաև՝ երիտասարդացում: Ցավոք սրտի, եթե անցած տարիների ընթացքում կարող էինք ասել, որ երիտասարդ կանանց շրջանում հազվադեպ դեպքեր են գրանցվում, ապա վերջին տարիներին նաև կանանց շրջանում է ավելացել օգտագործումը: Հիմնականում, իհարկե, օգտագործում են սինթետիկ հոգեխթանիչներ», - ԱԺ-ում ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
Տելեգրամյան ալիքների միջոցով տարածման հնարավորությունների ընդլայնման պատճառով երբեմն կանխարգելման աշխատանքներն ամբողջությամբ հնարավոր չէ իրականացնել, սակայն, փոխնախարարը վստահեցրեց, որ իրավապահ մարմիններն այդ ուղղությամբ աշխատում են:
Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկում է եղել կառավարությունում, գերատեսչությունները հանձնարարականներ են ստացել, մասնավորապես, Առողջապահության նախարարությունը բարձրացնելու է իրազեկումը, տվյալներ է հավաքագրելու, բուժաշխատողների շրջանում լինելու են վերապատրաստումներ: