12/04/2023 18:37
ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները լեգիտիմ են ու արդարացված. Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ նախկին իշխանության այն պնդումների հետ, թե իր կառավարման ժամանակ փչացել են հայ-ռուսական հարաբերությունները:
«Ինչո՞վ են փչացել, ես ուզում եմ հիշեցնել, որ նախկին իշխանության օրոք է առաջին անգամ եղել, երբ Ռուսաստանն Ադրբեջանի հետ բազմամիլիարդանող զենքի գործարք է կնքել, բա իրենք լավ հարաբերություն պահող էին, այդ ի՞նչ արին, որ մեր ռազմավարական դաշնակիցը առաջին անգամ նման գործարք կնքեց Ադրբեջանի հետ, ընդ որում՝ սահմանափակեց զենքի մատակարարումները Հայաստանին: Ես դա որևէ տեղից չեմ իմացել, ես դա իմացել եմ 2016-ին՝ Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը արխիվում շատ լավ պահպանված է «հույժ գաղտի» գրիֆի ներքո», - Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, թե սա է եղել ՀԱՊԿ-ի հետ կապված ամենամեծ պրոբլեմը:
«Կարծում եմ՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների և՛ դինամիկան եք տեսնում, և՛ տեսնում եք այն խնդիրները, որոնք կան: Մենք երբեք ոչ մի նյուանս չենք ուզում թաքցնել», - ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները լեգիտիմ են ու արդարացված: