12/04/2023 09:54
«Ժողովուրդ». Եվրոպական կողմը դեռ չի շտապում մեկնաբանել Ադրբեջանի հերթական սադրանքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրոպական կողմը դեռ չի շտապում մեկնաբանել երեկ Ադրբեջանի հերթական սադրանքը: Բանն այն է, որ ադրբեջանական զինուժն երեկ՝ կեսօրից հետո, կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, ապա նաև Սոթքի հատվածում:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Նշենք, որ մոտ երկու շաբաթ առաջ ադրբեջանական զինուժը խրամատավորվեց Տեղ գյուղի դաշտերում, հարևանությամբ հայկական կողմը սկսեց ինժեներական աշխատանք կատարել: Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե հայկական ստորաբաժանումներն են կրակ բացել Լաչինի շրջանի իրենց դիրքերի վրա։ Ադրբեջանական կողմում էլ զոհեր և վիրավորներ կան։
Այս լարվածության մասով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե ինչպես է իրավիճակը գնահատել եվրոպական կողմը, քանի որ Հայաստանի սահմանին տեղակայված են ԵՄ դիտորդները: Նրանք պետք է արձանագրեին տեղի ունեցածը: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևից: Նա նշեց, թե Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հետ ստուգում են սահմանին տիրող իրավիճակի մասին առկա ինֆորմացիան, և ներկայացրեց իր դիրքորոշումը՝ կապված իրավիճակի հետ: «Ես շատ ինֆորմացիա չունեմ տեղի ունեցածի վերաբերյալ: Ես հենց նոր հարցում ուղարկեցի պարոն Բորելի գրասենյակում գտնվող Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը՝ հետաքրքրվելով, թե որտեղ է մեր դիվանագիտական առաքելությունը, որն այնտեղ տեղակայված է փետրվարից: Սակայն հիշեք, որ սա քաղաքացիական առաքելություն է, առանց զենքի են նրանք և չեն կարող կրակել», – նշեց նա:
Կովաչևը նաև հավելեց, որ իրենք Ադրբեջանից պահանջում են դադարեցնել ցանկացած գործունեություն և ագրեսիա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և կոչ են անում անհապաղ դադարեցնել ցանկացած կրակոց սահմանին մոտ։ Ռուսական կողմից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց «Ժողովուրդ» օրաթերթին»։