13/04/2023 22:24
Կարմրուկը կարող է առաջացնել իմունային ամնեզիա, որի վերականգնման համար կպահանջվի առնվազն 36 ամիս. Սվետլանա Գրիգորյան
Մարտ ամսվա սկզբին կարմրուկի բռնկումը Հայաստանում ունեցավ բավականաչափ մեծ տարածում՝ չնայած այն հանգամանքին, որ դեռևս 2007 թ.-ից Հայաստանը տարածաշրջանում համարվում է կարմրուկի հանդեպ էլիմինացված (տեղական փոխանցումն ընդհատած) երկիր։
Ինչու՞ վերսկսվեց վարակի տարածումը, ի՞նչ բնորոշ ախտանշաններ ունի այն և ինչպե՞ս կարելի է կանխարգելել հիվանդությունը։ Այս և շատ այլ հարցերի պատասխաններն Aysor.am-ին տվեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունոկանխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ, բժշկուհի Սվետլանա Գրիգորյանը։
«Կարմրուկը սուր վիրուսային վարակիչ հիվանդություն է, դրսևորվում է ցանով, ջերմությամբ, աչքերի կարմրությամբ, կոնյուկտիվիտով և այլն։ Ծանր դեպքերում կարող է առաջացնել նաև թոքաբորբ և ուղեղի բորբոքում։ Վարակվում են բոլոր այն անձինք, ովքեր չունեն անընկալություն կարմրուկի նկատմամբ, սակայն առավել խոցելի խմբում են մինչև մեկ տարեկան երեխաները, նաև այն մեծահասակները, ովքեր ունեն ուղեկցվող հիվանդություններ և իմունային անբավարարություն», - ասաց մասնագետը։
Նրա խոսքով, 2007 թվականից ՀՀ ում չկա կարմրուկ վիրուսի տեղական շրջանառություն և տեղական դեպքեր չեն գրանցվում, սակայն պարբերաբար լինում են բերովի դեպքեր, երբ հիվանդը արդեն վարակված է, կամ այլ երկրից գալիս է Հայաստան, որտեղ և դրսևորվում են կլինիկական երևույթները։ Այս ամենի հետևանքով կարող են առաջանալ փոքր բռնկումներ, որի ֆոնին հիմնականում հիվանդանում են չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք։
«Քանի որ ՀՀ-ն կարմրուկի առումով էլիմինացված է, հետևաբար, նույնիսկ մեկ դեպքը Հայաստանի համար համարավում է արտակարգ իրավիճակ. փորձում ենք հասկանալ վարակի աղբյուրը, ճշտել, թե որտեղից է ներբերվել հիվանդությունը և իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որպեսզի այն տեղական լայն տարածում չստանա։
Այս բռնկումն էլ նույնն է՝ հիմնված բերովի դեպքի վրա, որը տեղային տարածում է ստացել, և մեր հիմնական հիվանդների մոտավորապես 94 տոկոսը չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են», - ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ոչ միայն ՀՀ-ում, այլև ամբողջ աշխարհում, հատկապես եվրոպական տարածաշրջանում դիտվում է կարմրուկի դեպքերի ավելացում, դրանք պարբերական բնույթ են կրում, քանի որ տարիների ընթացքում տեղի է ունենում պատվաստված և չպատվաստված անձանց կուտակում, և չպաշտպանված բնակչությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում վիրուսի շրջանառության համար։
Նշենք,որ կարմրուկի նկատմամբ համահավասար ընկալություն ունեն բոլորը. այն չունի սեռային կամ տարիքային որևէ առանձնահատկություն։
Կարմրուկ հիվանդությունը կարող է առաջացնել որոշակի բարդություններ, որոնցից է իմունային ամնեզիան, երբ կարմրուկի վիրուսը ջնջում է այն իմուն հիշողությունը, որը ձեռք է բերել տվյալ մարդն՝ իր ողջ կյանքի ընթացում։ Այդ իմուն հիշողությունը նորից վերականգնելու համար առնվազն 36 ամիս է անհրաժեշտ. այդ ընթացքում անձը խոցելի է լինում ցանկացած վարակների նկատմամբ՝ սուր շնչառականից մինչ տարաբնույթ այլ վարակներ։
Մասնագետի խոսքով՝ մյուս բարդությունը կարմրուկի վիրուսի՝ օրգանիզմից դուրս չգալու վտանգն է։ Այս դեպքում, արդեն մի քանի տարի հետո (միջինում 7-10), այն ունակ է առաջացնել ենթասուր ձգձգվող էնցեֆալիտ (ուղեղի բորբոքում)` ունենալով մահացու ելք։
Կարմրուկ հիվանդության կանխարգելման գործընթացում առանցքային է պատվաստումների դերը. Երկու դեղաչափ պատվաստվելով՝ անձն ապահովում է իմունիտետ և վարակի անընկալություն ողջ կյանքի համար։
«Եթե ծնողը չի հիշում՝ երեխայի պատվաստումներն արել է, թե ոչ, կամ հասուն անձը չունի պատվաստում, ապա պետք է դիմել տեղամասային պոլիկլինիկա, որպեսզի ստուգվի պատվաստային կարգավիճակը և թերի պատվաստման կամ պատվաստման բացակայության դեպքում՝ պատվաստվի»,- ասաց Սվետլանա Գրիգորյանը։
Հարցին, թե բացի մանկահասակ երեխաներից, ո՞ր խումբն է գտնվում ռիսկի գոտում, Սվետլանա Գրիգորյանը պատասխանեց.
«Հղի կանայք նույնպես ռիսկի խմբում են, և վարակը կարող է նաև հղի կնոջ համար ունենալ որոշակի բարդություններ՝ ազդելով նաև պտղի վրա։ Այս դեպքում իմ ուղերձն այն կլինի, որ հասուն կանայք, հղիություն պլանավորելուց առաջ, եթե չունեն պատվաստումային կարգավիճակ, ապա դիմեն և պատվաստվեն։
Այստեղ անհրաժեշտ է խոսել նաև կարմրախտի մասին, քանի որ ՀՀ-ում կիրառվող պատվաստանյութը համակցված պատվաստանյութ է. պարունակում է կարմրուկի, կարմրախտի և խոզուկի բաղադրիչ։ Պտղաբեր տարիքի կանանց համար շատ կարևոր է նաև կարմրախտի բաղադրիչը, քանի որ այն առանձնապես ազդեցություն է թողնում պտղի վրա և կարմրախտով հիվանդացած հղիները կարող են ունենալ որոշակի արատներով երեխաներ»։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում կարմրուկի դեմ պլանային պատվաստումերն իրականացվում են 1 տարեկանում և հաջորդիվ՝ 4-6 տարեկանում։
Պատվաստումից հետո դիտվող երևույթները նույնն են, ինչ ցանկացած պատվաստումից հետո. կարող է լինել տեղային ներարկման ցավոտություն, ընդհանուր թուլություն կամ ջերմության կարճատև բարձրացում, որոնք անցնում են առանց հատուկ բուժման։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։