13/04/2023 23:15
Որևէ կոնկրետ բան ուտելու ցանկությունը հուշում է, որ դրա պակասը կա օրգանիզմում․ Շատ ջուր խմեք և թույլ մի տվեք, որ սնունդն ու էմոցիաները կառավարեն ձեզ
Գիտնականների և սննդաբանների հմատեղ ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ սննդային նախասիրությունները կապված են սննդարար նյութերի դեֆիցիտի, հորմոնալ ու մետաբոլիկ փոփոխությունների, ինչպես նաև հոգեբանական մի շարք խնդիրների հետ:
Աշխատանքային օրվա կեսին հանկարծ շոկոլադ ուտելու ուժեղ ցանկության առաջացումը կարող է պայմանավորված լինել մագնեզիումի պակասով: Քաղցր ուտելու ցանկությունը կարող է նաև քրոմի, ֆոսֆորի և իհարկե՝ գլյուկոզի պակասի մասին խոսել:
Մագնեզիումի պակասը կարելի է լրացնել՝ ուտելով ընկույզ, հացահատիկ, դդմի սերմեր, կամ թարմ մրգեր ու բրոկոլի:
Կծու մթերքների սիրահարներին ու դրա պահանջը զգացող մարդկանց առաջարկվում է ուտել ոչ յուղոտ միս, ծովամթերք, սխտոր, կանաչ բանջարեղեն, քանի որ ենթադրվում է, որ պատճառը ցինկի, ծծումբի պակասն է կամ վահանագեղձի հետ կապված խնդիրները:
Անընդհատ մսի մասին մտածող մարդկանց ուղեղն ահազանգում է B վիտամինի, մագնեզիումի, ֆոլաթթվի կամ երկաթի պակասի մասին:
Սպիտակուցային սննդի հանդեպ հակվածությունը կարող է նաև շաքարի մակարդակի նորմայից շեղման մասին վկայել:
Այս դեպքում անհրաժեշտ է ռացիոնում ավելացնել ձու և միս` առանց բանջարեղենի մասին մոռանալու:
Աղի սննդի, չիփսերի հանդեպ հակվածությունը կարող է պայմանավորված լինել օրգանիզմում նատրիումի պակասով։ Սրան կարող են նպաստել սթրեսն ու ջրազրկումը: Իչպես նաև, աղի որևէ բան ուտելու ցանկությունը կարող է հուշել մակերիկամների դեֆիցիտի և ցինկի պակասի մասին:
Նատրիումի պակասը լրացնելուն կարող են օժանդակել վարունգի, նեխուրի, ձկան ներմուծումը սննդակարգ, և, իհարկե, օրական 8-10 բաժակ ջուր խմելը սովորություն դարձնելը:
Հացի և այլ ածխաջրային մթերքների հանդեպ անդիմադրելի ցանկությունը կարող է հուշել արյան մեջ շաքարի ցածր կամ ինսուլինի բարձր պարունակության մասին: Ածխաջրերի դեֆիցիտը կարող է սերոտոնինի անբավարարության հետևանքով տրամադրության տատանման և դեպրեսիայի պատճառ լինել:
Երբ չեք կարողանում դիմադրել գազավորված ըմպելիքներ գնելու գայթակղությանը, հնարավոր է՝ օրգանիզմը կալցիումի պակաս է զգում: Իսկ եթե անընդհատ սառը ըմպելիքներ եք ուզում, հեմոգլոբինի կամ երկաթի դեֆիցիտ ունեք:
Լուծում` ամեն անգամ հյութ գնելու ցանկության դեպքում մի կտոր պանիր կերեք կամ ջուր խմեք: Օգտագործեք նեխուր, բազուկ, քունջութ, կաթ և յոգուրտ:
Շատերի համար տրամաբանական համարվող սուրճի և թեյի անդիմադրելի կարիքը կարող է առաջանալ վիտամին C-ի կամ երկաթի դեֆիցիտի դեպքում:
Կոֆեինը, որը կա և՛ սուրճի և՛ թեյի մեջ, խթանում է գլխուղեղի աշխատանքը և ադրենալինի արտազատումը, ինչը թույլ է տալիս օրվա ընթացքում ունենալ լավ տրամադրություն: Ինչպես նաև, թեյի ու սուրճի հանդեպ հանկարծակի առաջացած սերը կարող է ֆոսֆորի և ծծումբի անբավարարության մասին պատմել:
Սուրճից և թեյից կախում չունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս առողջ սնունդ օգտագործել՝ թարմ բանջարեղեն, չրեր, հատիկեղեն և այլն:
Եվ վերջում, յուղոտ ուտելիքի հանդեպ հակվածությունը կարող է կալցիումի կամ անփոխարինելի ճարպաթթուների պակասի մասին խոսել:
Քաղցը կհագեցնեն գազարը, ավոկադոն, ընկույզը: Կանաչ բանջրեղենը նպաստում է կալցիումի պաշարների համալրմանը:
Տարբեր սննդամթերքների չարաշահումից խուսափելու համար պետք է փորձել սնվել բալանսավորված, զբաղվել սպորտով, որը կօգնի շեղվել սննդի մասին սևեռուն մտքերից: Շատ ջուր խմեք և թույլ մի տվեք , որ սնունդն ու էմոցիաները կառավարեն ձեզ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։