13/04/2023 18:45
«Թող գնա, մի ընդդիմադիր թերթ վերցնի նորից ու սկսի բանսարկություններ գրել, նա ուրիշ բանի պիտանի չէ»․ ՀՀ երրորդ նախագահը Փաշինյանի կառավարման ամբողջ շրջանը աղետաբեր որակեց
Նախօրեին խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե որոշ «վայ զինվորականներ» միլիարդների զենք են թողել Ադրբեջանին, «զենքերով լիքը պահեստները թողել են ու փախել»։
Այս հայտարարության կապակցությամբ լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հռետորական հարց հնչեցրեց՝ այդ ու՞մ բերած զենքի մասին է խոսում Փաշինյանը։
«Իրե՞նք էին այդ 2 տարում այդ միլիարդների զենք-զինամթերքը բերել։ Նա (Փաշինյանը-խմբ․) դրանով ասաց հետևյալը, որ մինչև 2018 թվականը հայկական բանակը իր սպառազինությունների մի հիմնական մասը ցուցադրում էր իր քաղաքացիներին և ցույց էր տալիս, թե մենք ինչպիսի բանակ ունենք։ Իսկ ինքը (Փաշինյանը-խմբ․) այդ ամբողջը հանձնեց Ադրբեջանին, և Ադրբեջանի ղեկավարը ցույց տվեց, թե ինչ է վերցրել իրենի՛ց, ո՛չ թե զինվորից»,- շեշտեց Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահը նշեց նաև, որ Փաշինյանը հավատարիմ է մնում բոլորին, բայց ոչ իրեն մեղադրելու գործելաոճին, իսկ եթե կարծում է, թե իր նշած «վայ-հրամանատարները» թերացել էին, ապա թող նախապես փոխեր նրանց։
«Ընդհակառակը, գլխատել է բանակը»,- հավելեց Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահը գործող իշխանությունների պաշտոնավարման ամբողջ շրջանը բնութագրեց մի բառով՝ աղետաբեր։ Իրավիճակից դուրս գալու միակ ելքը, նրա խոսքով, այն կլինի, որ Փաշինյանը հեռանա, զբաղվի նրանով, ինչով կարող է։
«Թող գնա, մի ընդդիմադիր թերթ վերցնի նորից ու սկսի բանսարկություններ գրել։ Նա ուրիշ բանի պիտանի չէ»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։