13/04/2023 15:36
«Թուրք ենք բռնել, եկել մեզ ասում են՝ ի՞նչ եք անում»․ ինչպես են Աճանանի երիտասարդները բռնել ադրբեջանցուն
Հայաստանի սահմանը 3 օր առաջ հատած ադրբեջանցուն հայտնաբերել են Սյունիքի մարզի Աճանան գյուղի 3 երիտասարդները: NEWS.am-ը կապ է հաստատել երիտասարդներից Գոռ Օհանջանյանի հետ, որը մանրամասներ է պատմել դեպքից:
«Ես ու ընկերս գյուղից դուրս էինք եկել, գնում էինք քաղաք՝ Կապան, ճանապարհին տեսանք դրան՝ թուրքական զինվորական ֆորմայով, կանգնեցինք, հարցեր տվեցինք, հասկացանք, որ թուրք է: Հետո մյուս ընկերս եկավ՝ Աշոտը, կանգնեցինք բոլորս: Բռնեցինք, հետո ոստիկանները եկան ու մեզ են հարցնում, թե մենք ինչ ենք անում այստեղ, ինչու ենք բռնել եւ այլն: Մեր ոստիկաններն էլ, փոխարենը դրան բռնեին, եկել ու մեզ են բան ասում: Թուրք ենք բռնել, եկել մեզ ասում են՝ ի՞նչ եք անում, մեզ են գցում, հասկանո՞ւմ եք: Շատ վատ պահվածք ցույց տվեցին էդ ոստիկանները»,- պատմել է Գոռը:
Գոռ Օհանջանյանը նկարագրել է, թե ինչ վիճակում են հայտնաբերել ադրբեջանցուն.
«Թրջված էր, կեղտոտ վիճակում էր: Մոտը փամփուշտներ կային, մասկաներ, խառը զինամթերք ուներ: Ձեռքին հեռախոս էլ կար, դա այն մարդու հեռախոսն էր, որին սպանված են գտել կոմբինատում»: