13/04/2023 20:43
«Այստեղ եմ, որպեսզի ասեմ՝ հերի՛ք է խմեք այս երկրի ջահելության արյունը»․ Քննչական կոմիտեի մոտ շարունակվում է զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիան
Քննչական կոմիտեի մոտ շարունակվում է զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիան։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի թույլ չտային վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն, ենթարկվել էին ոստիկանության կողմից բռնությունների։ Նրանք արդեն քանի ամիս է՝ պահանջում են պատասխանատվության ենթարկել այն 13 ոստիկաններին, որոնք բռնի ուժ էին կիրառել նահատակված հերոսների ծնողների նկատմամբ։
Քննչական կոմիտեի մոտ է նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիս Գևորգյանը։ Նա լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ այն ամենից հետո, ինչը կատարվում է Հայաստանի սահմաններին, ինչը տեղի ունեցավ երկու օր առաջ՝ Տեղ գյուղի մոտ, իր համար երկրորդական են դարձել մյուս բոլոր խնդիրները, նույնիսկ Եռաբլուրում ամիսներ առաջ կատարվածը։
«Մեր երկրում իրադարձություններն այնքան արագ են զարգանում, աղետներն այնքան արագ են հաջորդում մեկը մյուսին, որ այս պահին կոնկրետ ինձ համար այն, ինչը տեղի է ունեցել Եռաբլուրում, անկեղծ ասած, մի քիչ ավելի քիչ կարևոր է։
Ես կոնկրետ այստեղ եմ, որպեսզի ասեմ՝ հերի՛ք է խմեք այս երկրի ջահելության արյունը։
Լուսանկարից 4 հրաշալի լուսավոր դեմք էիք տեսնում երեկ, նախորդ օրերին։ Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է նայել այդ դեմքերին ու շարունակել անտարբեր ապրել, անհոգ ապրել, մտածել առօրյայի մասին։
Մեր երկիրը գյուղ առ գյուղ, սանտիմետր առ սանտիմետր հանձնում են, հանձնում են՝ բառի բուն իմաստով»,- շեշտեց Ալիս Գևորգյանը։
Նա բոլորին զգոնության կոչ ուղղեց՝ թշնամին անպատիժ, հանգիստ մտնում է Հայաստանի տարածք, շրջում գյուղերում, տնից տուն գնում։
«Ես համոզված եմ, որ 1-2 դիվերսանտներ չեն եղել, դիվերսանտների խմբեր են գործում ոչ միայն սահմանամերձ շրջաններում, համոզված եմ՝ նաև Երևանում, Հանրապետության հրապարակում։
Այս ամենը իշխանության, լավագույն դեպքում, անգործության, վատագույն դեպքում՝ հանցավոր գործունեության արդյունքում է տեղի ունենում։
Ես ուղղակի ուզում եմ, որ սաթփվենք, փորձենք կանխել այս երիտասարդ սերնդի սպանդը։ Սպանդ՝ բառի բուն իմաստով»,- ընդգծեց զոհված զինծառայողի մայրը։