13/04/2023 12:43
Հայաստանում ապրիլի 17-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կհայտարարվի ամառային զորակոչ
2023 թվականի ապրիլի 17-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում կհայտարարվի ամառային զորակոչ. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Զորակոչ կհայտարարվի արական սեռի այն քաղաքացիների համար, որոնց 18 տարին լրանում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
2023 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին ու ԱԱԾ տնօրենին հանձնարարվել է զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում։