13/04/2023 19:47
Զոհված զինծառայողների ծնողները փողոց էին փակել, պահանջում են պատասխանատվության ենթարկել Եռաբլուրում բռնություն գործադրած ոստիկաններին
44-oրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները կրկին Քննչական կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
Նրանք փակեցին Մամիկոնյանց փողոցը՝ աթոռներ դնելով փողոցի կենտրոնում։
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի թույլ չտային վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն, ենթարկվել էին ոստիկանության կողմից բռնությունների։
«Մենք պահանջում ենք անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 13 ոստիկաններին, որոնք փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել մեր մայրերին»,- ասում են ՔԿ-ի մոտ հավաքված ծնողները:
Նրանք ընդգծում են՝ այսքան ամիսների ընթացքում գործընթացը տեղից առաջ չի շարժվել։
«Պետք լինի՝ 24 ժամ էլ կկանգնենք այստեղ։ Ամեն զինվորի մահվան լուր լսելուց նորից մեռնում ենք, հետ ենք գալիս», -նշում են վրդովված ծնողները։
«Որդիների կանչ» ՀԿ ներկայացուցիչ Արա Ռոստոմյանն էլ մանրամասնեց, որ Քննչական կոմիտեն նշում է, թե չունեն բավարար հիմքեր ոստիկաններին մեղադրանք առաջադրելու համար, այնինչ բռնություն գործադրած ոստիկանները վաղուց նույնականացվել են։
Զոհվածի հոր խոսքով՝ հրամանը ներկայացրել է Հայկազ Ջոմարդյանը, բայց նա չի ասել, թե իրե՛ն ով է տվել այդ հրահանգը։
«Բայց քանի որ ինքը տվել է անօրինական հրաման՝ իրեն և ևս 12 ոստիկանի մեր պահանջով, որ 24 ժամվա մեջ ներկայացնեն մեղադրանք։ Մենք պահանջում ենք, որ 13 ոստիկանի մեղադրանք առաջադրվի։ Ես ուղիղ եթերով դիմում եմ այն բոլոր հայերին, ովքեր մտահոգ է այս երկրի համար, ովքեր գալիս մեզ ասում էին, որ մենք պատրաստ ենք, ձեր կողքը կանգնած ենք, ամեն ինչով ուզում ենք օգնել, հիմա սրանով դուք կարող եք սատարել, որ այսօր գաք այստեղ, միանաք մեզ, մեր պահանջին և մեղադրանք առաջադրվի այդ ոստիկաններին»,- ասաց Արա Ռոստոմյանը։