13/04/2023 10:17
Սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում՝ Տեղ գյուղի հատվածում հայ զինծառայողների վրա հարձակմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հայկական տարածքում Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից կա 7 զոհ և մի քանի վիրավոր:
«Ֆրանսիան հիշեցնում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով և կողմերին կոչ է անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։
Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար։
Ֆրանսիան լիովին սատարում է և իր աջակցությունը բերում սահմանի հայկական կողմում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործողություններին, ինչը կենտրոնական դեր է խաղում լարվածությունը նվազեցնելու գործում։ Ֆրանսիան կշարունակի գործել Եվրոպական Միության կողքին՝ ի նպաստ հրադադարի հարգման, երկխոսության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման»,- ասված է հայտարարության մեջ: