13/04/2023 18:55
Ըստ Պենտագոնի գաղտնազերծված փաստաթղթերի, Վաշինգտոնը գաղտնալսել է Գուտերեշին
Վաշինգտոնը գաղտնալսել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և նրա տեղակալին, հայտնում են արևմտյան լրատվամիտջոցները՝ վկայակոչելով համացանցում հայտնված Պենտագոնի փաստաթղթերը, որոնց արտահոսքի կապակցությամբ ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել։
Համաձայն բաց հարթակներում հայտնված այդ գաղտնի փաստաթղթերի, ԱՄՆ-ի կողմից գաղտնալսվել է, թե ինչ են խոսում Գուտերեշն ու նրա տեղակալը, մի քանի դրվագներում նկարագրվում է նաև նրանց անձնական զրույցների բովանդակությունը։
Ամերիկյան գաղտնի փաստաթղթերում ընդգծվում է այն գնահատականը, որ Գուտերեշը «հացահատիկի գործարքի» շրջանակում մեծամասամբ հաշվի է առնում ռուսական կողմի շահերը։
Հիշեցնենք՝ Պենտագոնի փաստաթղթերի գաղտնազերծման և դրանք համացանցում տեղադրվելու մասին առաջինը հայտնել էին Associated Press-ը և The New York Times-ը։ Բաց հարթակներում հայտնված Պենտագոնի փաստաթղթերը մանրամասն տվյալներ են պարունակում Կիևին ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ցուցաբերվող ռազմական օգնության, դրա ծավալի, մատակարարումներիի ընթացքի, ինչպես նաև հատուկ ռազմական գործողության, միջազգային կարևոր այլ խնդիրների մասին, այդ թվում՝ այլ երկրների ու տարածաշրջանների նկատմամբ ամերիկյան քաղաքականության, ԱՄՆ ազգային անվտանգության պաշտպանության գործում նախատեսվող քայլերի ու ծրագրերի մասին։
Փաստաթղթերը, որոնք հրապարակվել են սոցցանցերում, ռազմական օգնության մասին մանրամասն տվյալներից բացի, մասնագիտական գնահատականներ ու տվյալներ են պարունակում նաև ուկրաինական բանակի, ինչպես նաև վերլուծություններ ու գնահատականներ Չինաստանում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և այլ երկրներում զարգացումների մասին։ Փետրվարի 23-ից մարտի 1-ը թվագրվող այս փաստաթղթերի մի մասը նախատեսված է եղել ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլիի, մի շարք այլ զինվորականների ու ռազմական փորձագետների համար։
Ինտերնետում հայտնված այս գաղտնի փաստաթղթերը, որոնք նախատեսված չեն եղել հրապարակման համար, ըստ որոշ գնահատականների, կարող են հարված հասցնել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, քանի որ դրանք ի սկզբանե անգամ ԱՄՆ-ի դաշնակիցների համար են անհասանելի եղել։