13/04/2023 16:15
Ինչպես դասականը կասեր, փոքր-ինչ չափազանցված են լուրերը, թե Մինսկի ձևաչափը գոյություն չունի. Միրզոյան
Ադրբեջանը պնդում է, որ ոչ միայն Մինսկի խումբն այլևս գոյություն չունի, այլև Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն չունի, ընդհանրապես այդ կոնտեքստում հարց չկա, որը ենթակա է հասցեագրման, միջազգային քննարկման, լուծման և այլն, ԱԳՆ-ում ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Փաստն այն է, որ ԵԱՀԿ անդամ որևէ երկիր միայնակ չի կարող վերջ դնել մի մեխանիզմի, մի ինստիտուտի, մի որոշման, որի հիմնադրման շուրջ միակարծիք են եղել բոլոր անդամ երկրները և որը հիմնադրվել է, ըստ էության, բոլոր անդամ երկրների կողմից: Մինսկի գործընթացը, Մինսկի ձևաչափը գոյություն ունի, այլ բան, որ բազմաթիվ պատճառներով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, համանախագահության գործունեությունն այս պահին սառեցված է: Ես վստահ եմ, որ Մինսկի գործընթացը և Մինսկի կոնֆերանսը, որի մասին ի սկզբանե եղել է, դեռ իր անելիքն ունի և դերակատարումն ունի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման գործում: Եվ առհասարակ նաև ԵԱՀԿ-ն անելիք ունի, որովհետև ոչ միայն Մինսկի գործընթացի, այլ նաև մյուս ինստիտուտների, օրինակ՝ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա ունեցած մանդատի ու նրա հնարավորությունների գործադրման մասին է խոսքը: Վստահ եմ, որ ԵԱՀԿ-ն իր անելիքն ունի: Նաև փաստահավաք առաքելության մասին խոսեցինք, որը դեկտեմբերին էր գործուղվել տարածաշրջան, այնպես որ, ինչպես դասականը կասեր, այդ լուրերը փոքր-ինչ չափազանցված են» , - ասել է Միրզոյանը։