13/04/2023 17:41
Երևանի տրանսպորտային համակարգի խնդիրները Տիգրան Ավինյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ
Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումներին առնչվող խնդիրներ են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հանդիպման ժամանակ, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Հաղորդագրությունում նշված է․
«Անդրադառնալով նոր բարեփոխմամբ իրականացվող նախագծերին՝ փոխքաղաքապետ Ավինյանը կարևորել է բրիտանական մասնավոր ընկերությունների մասնակցությունը համայնքի նախաձեռնած ծրագրերին:
«Բոլոր մեր ծրագրերը կոչված են ապահովելու Երևանի անցումը կայուն քաղաքային տրանսպորտի համակարգին և զրոյական արտանետումներով փոխադրամիջոցներին: Այս ամենին լիարժեքորեն հասնելու համար մենք սահմանել ենք հստակ մոտեցում, որով էլ շարժվում ենք առաջ. հանրային տրանսպորտը պետք է միշտ գերակա լինի և հանրային տրանսպորտի համար ավելի բարենպաստ պայմաններ պետք է ստեղծված լինեն քաղաքում»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:
Մասնավորապես, կարևորվել է բրիտանական արտադրության լիցքավորման ենթակառուցվածքների, տրանսպորտային շարժակազմի, կապիտալի և ֆինանսական միջոցների՝ Երևանի քաղաքապետարանի համար հասանելիությունը։ Միացյալ Թագավորություն-Հայաստան փորձի փոխանակման համար էլ նախանշվել է այնպիսի քաղաքականության մշակում, որն իր հերթին կնպաստի տրանսպորտային նոր ցանցի ու ենթակառուցվածքների լիարժեք տեղայնացմանը:
Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստկամության համար՝ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը նշել է, որ իր լիազորությունների չափով պատրաստ է աջակցել համայնքին՝ ինչպես ոլորտի հաջողված փորձագետների, այնպես էլ բրիտանական խոշոր ընկերությունների ներգրավման գործում:
Զրուցակիցները քննարկել են նաև Միացյալ Թագավորության արտահանման Ֆինանսավորման պետական գերատեսչության գործիքակազմը կիրառելու հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել գործակցության հնարավոր ոլորտները՝ համատեղ նախագծեր մշակելու նպատակով»: