13/04/2023 13:20
Գյուղում մարդիկ կամեցող են, մենք իրար օգնելով ենք կարողանում դիմակայել շրջափակված Արցախում. Էդիտա Գրիգորյան
Յոթ անչափահաս երեխաների մայր Էդիտա Գրիգորյանն ամուսնու և երեխաների հետ բնակվում է Ասկերանի շրջանի գյուղ Խնձրիստանում:
Մեծ աղջիկները սովորելու նպատակով այժմ բնակվում եմ Ստեփանակերտում:
«Շրջափակումը երբ եղավ, մենք տանը ոչ մի պահուստավորած պարենային ապրանք չունեինք, քանի որ հասցնում ենք միայն առօրյա հոգսերը լուծել:
Երբ իմացանք շրջափակման մասին, խանութում առկա ապրանքատեսակներից որոշակի գնումներ կատարեցինք:
Գյուղում բնակվելը ամեն դեպքում ունի իր առավելությունները: Ինչպես ցանկացած գյուղում ապրող ընտանիք, մենք էլ ունենք մեր փոքրիկ տնտեսությունը՝ զբաղվում ենք անասնապահությամբ, ունենք հավեր, խոզեր, կով:
Այս ընթացքում մեր տնտեսության շնորհիվ մենք շատ չզգացինք պարենային ապրանքատեսակների սղությունը:
Մեզ համար դժվար էր փոքրիկի համար անհրաշեժտ կեր և տակդիրներ ձեռք բերել: Դեղատներում արդեն ամբողջությամբ սպառվել էին վերջիններս: Ստիպված երեխային սկսել եմ կովի կաթով և քաղցր թեյով կերակրել: Երեխային դուր չէր գալիս, զոռով էինք տալիս, որ գոնե մի բան ուտի, մինչև այդ հարցը կարողացանք կարգավորել:
Ստեփանակերտ գնալու ու այնտեղից անհրաժեշտ ապրանք ձեռք բերելու համար էլ վառելիք էր անհրաժեշտ, որը մինչ այսօր չկա: Տաքսիներից օգտվելն էլ անհնարին է, շատ բարձր է ուղեվարձը, բոլորին հասու չէ:
Որպես բազմազավակ մայր՝ ես ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից օգնություն եմ ստանում, բայց Ստեփանակերտ գնալ չկարողանալու հանգամանքով, չեմ կարողանում վերցնել իմ բաժին օգնությունը:
Ինձ համար շրջափակման դժվարություններից մեկն էլ այն է, որ ես երկու ուղղությամբ եմ մտածում, եթե կարելի է այդպես արտահայտվել:
Մտածում էի, թե ինչ պատրաստել ինձ մոտ մնացած բալիկներիս համար, և ինչ պետք է պատրաստեն Ստեփանակերտում ապրող աղջիկներս, քանի որ ահավոր դժվարությամբ էի կարողանում աղջիկներիս համար ուտելիք և գումար ուղարկել», - ասում է էդիտան:
Վառելիք չլինելու պատճառով Ստեփանակերտում սովորող աղջիկները շատ դժվարությամբ, գրեթե անհնարին տարբերակներով են երբեմն գնում գյուղ:
Քանի անգամ է եղել, որ փորձել են տրանսպորտային որևէ միջոց գտնել գյուղ գնալու համար, բայց ստիպված հետ են վերադարձել տուն՝ տրանսպորտ չլինելու պատճառով:
«Կտրոններ տրամադելով՝ որոշակիորեն թեթևացավ ընտանիքի համար կերակուր պատրաստելու ծանրությունը: Առաջին անգամ, երբ կտրոններով միրգ վաճառեցին, կարողացանք ձեռք բերել երեխաների համար. այն մի ուրիշ երևույթ էր, ինչքան էին ուրախացել: Դրանից հետք կտրոններ նորից տրամադրեցին, բայց էլ մրգի վաճառք չեղավ:
Բանջարեղենի մասով միշտ էլ շատ դժվար է եղել, անգամ կտրոններով չենք կարողացել մեզ հասանելիք բանջարեղենը ամբողջությամբ ձեռք բերել: Մի քանի օր առաջ գյուղի բոլոր բնակիչների համար վաճառքի բանջարեղեն են բերել, բայց շատ ընտանիքների չի հասել, այդ թվում՝ նաև մեզ:
Հասկանու՞մ եք, երեխաներ են, իրենց դժվար է բացատրել, որ չկա ու ինչի համար չկա:
Առանց կտրոննների վաճառվող մրգերի ու բանջարեղենի գները այնքան բարձր են, որ չգիտեմ ում համար են այդ ամենը վաճառում: Մի անգամ որպես մայր ինձ թույլ տվեցի մեկական խնձոր, կիվի, նարինջ և երեք բանան գնել, երբ տարա տուն, երեխաներս հավաքվեցին, կիսեցի բոլորի մեջ, որ ուտեն։ Այդ պահն ինձ համար հա՛մ ուրախություն էր, հա՛մ լաց:
Քանի անգամ է եղել, որ հերթեր եմ կանգնել ու ինձ այդպես էլ հերթը չի հասել:
Մյուս խնդիրն այն էր, որ ձմեռվա ցուրտ օրերին երեխաներին տանն էի թողնում, գնում էի, հերթ կանգնում: Այդ ընթացքում էլ հիվանդացա ու երկու օր էլ, այդ ամենին գումարած, անկողնային հիվանդ էի», - պատմում է հերոսուհին:
Երեխաներից չորսը հաճախում են գյուղի դպրոց, նրանցից միայն 9-րդ դասարանցին է շրջափակման սկզբնական շրջանում հաճախել դպրոց: Դպրոցը վառարաններ ստանալուց հետո դասապրոցեսը կարգավորեց, և բոլոր դպրոցականները սկսեցին հաճախել դասի:
«Դասերը սովորեցնելը ահավոր դժվար էր, երեկոյան ժամերին մոմի լույսի տակ մի կերպ սովորեցնում էինք, օրերն էլ կարճ էին, մի խոսքով՝ մի կերպ հաղթահարեցինք ցուրտ պայմանները: Հուսանք՝ շրջափակումից էլ կկարողանանք հաղթանակած դուրս գալ:
Հովհարային անջատումները մեզ ստիպեցին ապրել գրաֆիկով, բոլորս ենթարկվում ենք լույսի գրաֆիկին», - ժպտալով ասաց Էդիտան:
«Գյուղում մարդիկ կամեցող են, մենք իրար օգնելով ենք կարողանում դիմակայել: Երբ աղջիկներս կարողանում էին քաղաքից ինչ-որ բան ուղարկել, անպայման փորձում էի մի ընտանիքի էլ բաժին տալ: Ես էլ գիտեմ, որ ձուն գյուղում շատ սակավ է, փորձում էի գյուղացիներին իմ ունեցածից այդ հարցում հնարավորինս օգնել:
Երեխայիս ծննդյան օրը կաղամբ էր պետք, ոչ մի կերպ չէի կարողանում գտնել, այդ օրը ընկերուհուս մայրը Ստեփանակերտից ուտելիք է ուղարկում, ընկերուհիս նկատելով, որ մեջը կաղամբ կա, անմիջապես այդ պայուսակով գալիս է մեր տուն ու կաղամբը տալիս ինձ:
Գյուղում հղի կին ունենք, ով մոտակա օրերի ընթացքում պետք է բալիկ ունենա։ Գյուղացիները, ով ինչքան կարողացել, բենզին են հավաքել, մեքենան լիցքավորել, որ անհրաժեշտության դեպքում միանգամից կարողանան հասցնել Ստեփանակերտ:
Արդեն գարնանացանի բերքի տակ ցանել ենք հաճար, գարի, ցորեն, շատ քիչ քանակությամբ՝ կարտոֆիլ:
Կյանքը շարունակվում է, ու մենք պայքարելու ենք այս իրավիճակից արժանապատիվ դուրս գալու համար», - եզրափակեց զրուցակիցս: