13/04/2023 21:54
Իրավիճակն այնպիսին չէ, որ մենք անհանգստանալու տեղ չունենանք խաղաղության ճանապարհին․ Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի Արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է.
«Համոզված եմ, որ Ձեր այցելությունը իր նպաստը կբերի տարածաշրջանում խնդիրների լուծմանը: Ցավոք սրտի, իրավիճակն այնպիսին չէ, որպեսզի մենք անհանգստանալու տեղ չունենանք խաղաղության ճանապարհին առկա գործընթացում: Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ-ն իր դերն ունի մեր տարածաշրջանի հիմնախնդիրների հանգուցալուծման հարցում՝ հաշվի առնելով և ԵԱՀԿ-ի գործունեությունը, և ԵԱՀԿ-ի հետ մեր ունեցած երկարաժամկետ աշխատանքային փորձը»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Բույար Օսմանին իր խոսքում նշել է.
«Պարոն նախագահ, սա իմ առաջին այցելությունն է այս տարածաշրջան և Հայաստան: Այսօր այստեղ եմ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև երկարամյա հարաբերությունները քննարկելու համար: Կարող եմ ասել, որ մենք ունենք արժեքավոր և արդյունավետ համագործակցություն՝ հիմնված փոխվստահության վրա, ինչպես նաև պատրաստ ենք համագործակցության նոր էջ բացել՝ հաշվի առնելով փոփոխված աշխարհաքաղաքական հանգամանքները»:
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու հնարավորությունները: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իր դիրքորոշման մեջ:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի, ԼՂ բնակչության անվտանգության ու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ հարցեր:
Բույար Օսմանին անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը նշել է, որ ԵԱՀԿ-ն և մասնավորապես Հյուսիսային Մակեդոնիան նման հիմնախնդիրների լուծման մեծ փորձառություն ունեն և պատրաստակամ են կիսվել այդ փորձով: