13/04/2023 09:53
«Ժողովուրդ». ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը չի ներկայացել Հակակոռուպցիոն դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը չի ներկայացել Հակակոռուպցիոն դատարան։ Նրան, որպես վկա, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով ծանուցել էին ներկայանալ դատարան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ալիկ Միրզաբեկյանը դիմում է ուղարկել Հակակոռուպցիոն դատարան և հայտնել, որ առողջական խնդիրներ ունի, ուստի չի կարող ներկայանալ դատարան:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ՊՆ նախկին պաշտոնյաների քրեական գործով դատարան են կանչվելու ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, Սեյրան Օհայանը և ՊՆ որոշ աշխատակիցներ:
Սեյրան Օհանյանը ներկայացել է և հարցաքննվել, ՊՆ աշխատակիցների հարցաքննությունը շարունակվում է: Հավելեք, որ Ալիկ Միրզաբեկյանը 2016 թվականին, Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից: Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը սպառազինության և սննդամթերքի մատակարարման գնումները շուկայականից բարձր գներով էր իրականացրել»։