13/04/2023 21:43
«Աֆղանստանը պետք է դառնա համագործակցության նոր հարթակ»․ Չինաստանը պահանջում է չեղարկել ԱՄՆ-ի և Արևմուտքի պատժամիջոցները՝ Աֆղանստանի նկատմամբ
Չինաստանի իշխանությունները պահանջում են չեղարկել ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից Աֆղանստանի նկատմամբ սահմանված միակողմանի պատժամիջոցները, հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Ցին Գանը՝ Սամարղանդում, որտեղ տեղի է ունեցել Աֆղանստանի հարևան պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենիայի և Ուզբեկստանի ԱԳ նախարարների 4-րդ հանդիպումը։
«Մենք պնդում ենք, որ ԱՄՆ-ն և Արևմտյան երկրները չեղարկեն միակողմանի պատժամիջոցները, որոնք սահմանվել են Աֆղանստանի նկատմամբ։ Չինաստանը կտրականապես դեմ է «սառը պատերազմի» տրամաբանությամբ իրականացվող միջոցներին և անընդունելի է համարում ռազմավարությունը՝ ուղղված հակառակորդ դաշինքների միջև առճակատմանը։ Աֆղանստանը պետք է դառնա համագործակցության նոր հարթակ»,- ասել է Չինաստանի ԱԳ նախարարը։
Նրա դիտարկմամբ՝ տարածաշրջանի պետությունները, Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ՄԱԿ-ը չափազանց կարևոր դերակատարում ունեն Աֆղանստանի խնդրի կարգավորման գործում։