13/04/2023 16:50
Պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Ապրիլի 12-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի և գոտկային շրջանի ծակած-կտրած վերքերով Շահումյան գյուղից բուժօգնության է տեղափոխել նույն գյուղի 18-ամյա մի բնակչի: Երիտասարդը հայտնել էր, թե վնասվածքները ստացել է դպրոցից տուն գնալիս. անհայտ անձն էր հետևից խփել:
Հիվանդանոց է մեկնել բաժնի օպերատիվ խումբը, սակայն պատանին ի վիճակի չէր հաղորդում տալու: Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Բազումի և Գուգարքի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 14.10-ի սահմաններում Շահումյան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 18-ամյա երիտասարդին դանակահարել էր 16-ամյա համագյուղացին:
Գուգարքի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դանակահարողը ներկայացել է բաժին: Իր հերթին նա էլ տվել է հաղորդում, որ հիվանդանոց տեղափոխվածի, նրա ընկերոջ և իր միջև անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 18-ամյա երիտասարդը ձեռքերով և ոտքերով հարվածներ էր հասցրել իրեն:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: