13/04/2023 12:00
«Հեղափոխություն էլ անենք՝ ջրի քանակը չի ավելանալու». Փաշինյանը զգուշացրեց՝ երաշտ է սպասվում
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ սպասվում է երաշտ ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում։
«Ջուրն անընդհատ պակասելու է, ինձ զարմացնում է այն մոտեցումը, երբ տարին ավարտվում է, մի կերպ գլորում ենք, հետո փետրվարի վերջերից նստում ենք ու նայում երկնքին՝ տեսնենք անձրև ավելի շատ կգա՞, թե՞ չի գա, ջուրն ավելի շատ կլինի՞, թե՞ չի լինի։ Եկեք արձանագրենք, որ երկնքին նայելու անհրաժեշտություն չկա, որովհետև բոլոր կանխատեսումներն արված են՝ ջուրը լինելու է պակաս»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ եթե նույնիսկ ճանապարհներ փակեն, հեղափոխություն անեն՝ ջրի քանակը չի ավելանալու։
«Փողոցների ցայտաղբյուրներին պետք է փականներ դրվեն, ջրի խնայողություն պետք է տեղի ունենա ամեն օր։ Ջրի խնայողության ռեժիմը պետք է ռազմավարական հարց դառնա մեզ համար»,- նշեց վարչապետը։