13/04/2023 17:54
Ջանք չի խնայվել, որպեսզի Երևանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը պատմության մեջ լինի լավագույնը. Արայիկ Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին:
Ասուլիսը տեղի է ունեցել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ էլ ս.թ. ապրիլի 15-23-ը կանցկացվի առաջնությունը: Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին:
Ասուլիսի մյուս բանախոսներն էին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդը, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը:
Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է. «Վստահ եմ, որ բոլորս անհամբեր սպասում ենք առաջնության մեկնարկին: Մենք, ըստ էության, պատրաստ ենք, և կազմկոմիտեի անունից կարող եմ ասել, որ ջանք չի խնայվել, որպեսզի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ այս առաջնությունը լինի լավագույնը: Արդեն այսօր մեր գործընկերներից շատ դրական արձագանքներ ենք ստանում:
Այսօր առավոտյան մասնակցել եմ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսին, որը տեղի է ունենում Երևանում: Սա նույնպես մեծ իրադարձություն է, և եթե չեմ սխալվում, մենք նման իրադարձություն չենք ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Իմ խոսքում ասել եմ, որ այն փորձը, որ ձեռք ենք բերել այս տարիներին, ինչպես նաև այս առաջնության կազմակերպման փորձը թույլ են տալիս մեզ արդեն հյուրընկալել ավելի մեծ միջոցառումներ և հույս հայտնել, որ կոնգրեսի մասնակիցները և մեր գործընկերները մեզ այդ հարցում կաջակցեն»:
Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ հայ մարզիկները բավականին բարձր նշաձող են դրել իրենց առաջ և ցանկանում են բարձր արդյունքներ գրանցել: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կոչ է արել մարզասերներին լինել մեր մարզիկների կողքին և ոգևորել նրանց: