13/04/2023 13:45
Հայաստանը Գերմանիայում առևտրական կցորդ կունենա
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդը կտեղակայվի Բեռլինում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում:
ԳԴՀ-ում ՀՀ առևտրական կցորդի առջև դրված են հետևյալ խնդիրները՝ Հայաստանի և Գերմանիայի Հանրապետության միջև բազմակողմանի և փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն աջակցելը, արտաքին առևտրատնտեսական հարաբերություններում ՀՀ պետական շահերի պաշտպանությանը նպաստելը, բազմակողմանի տնտեսական հարաբերությունների զարգացմանը նպաստելը, տնտեսավարող սուբյեկտների միջև գործարար կապերի հաստատմանն աջակցելն ու նրանց միջև համագործակցության իրականացման հարցում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելը։
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Գերմանիայի հետ 2022 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 530․42 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83%-ով (2021թ․ հունվար–դեկտեմբերին կազմել է 289․85 մլն․ ԱՄՆ դոլար)։
Նշված խնդիրների լուծման և գործառույթների իրականացման արդյունքում յուրաքանչյուր տարի ակնկալվում է առևտրաշրջանառության 35-40% աճ։
Առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը հնարավորություն կընձեռի նաև առավել օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ ԳԴՀ տնտեսական իրավիճակի, արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ նմանատիպ տեղեկությունն հաղորդել ԳԴՀ շահագրգիռ մարմիններին: