13/04/2023 16:35
Սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանն էականորեն կնվազեցնի ՀՀ տարածք նոր ներխուժումների հավանականությունը. ԱԳ նախարար
Վստահ եմ, որ սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանն էականորեն կնվազեցնի հետագա նոր կոնֆլիկտների, այդ թվում նաև՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների հավանականությունը, Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Այս գաղափարը քննարկվում է, այս գաղափարը նոր չէ, իրականում մենք նախկինում էլ հրապարակավ առաջարկել ենք զինված ուժերը միմյանցից որոշակի հեռավորության վրա հետ քաշելու հնարավորությունը, այս պահին էլ դա քննարկվում է: Եվ կարող եմ նաև փոքր ինչ գաղտնիք բացել. դա նաև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների մաս է՝ առնվազն մեր առաջարկների տեսքով: Կրկնում եմ, մենք կարևոր ենք համարում այս մեխանիզմի ներդրումը:
Այժմ արդեն Հայաստան-Ադրբեջան սահմանին մասնակիորեն որոշակի հատվածներում այդպիսի մեխանիզմ ունենք, սահմանապահ ծառայությունն է իրականացնում հսկողությունը: Եվ փորձը ցույց է տալիս, որ այդ տարածքներում բախումների հավանականությունը, այսինքն պատմությունը, համենայն դեպս, ցույց է տալիս, որ մեխանիզմի արդյունավետությունը, որ ես նշեցի, կա, իրականում աշխատում է:
Ցավոք սրտի, մենք գործ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրների հետ. ես նշեցի, օրինակ, բանակցում էինք, այդ հարցը բանակցությունների մաս է, բայց նաև բանակցություններին զուգահեռ մենք տեսնում ենք, որ գետնի վրա Ադրբեջանը փորձում է, շարունակում է ուժի գործադրման իր անթաքույց քաղաքականությունը: Եվ երբ, ինչպես ասում են, գետնի վրա, ուժը չի կիրառվում, մենք շարունակաբար լսում ենք ամենաբարձր մակարդակով այդ ուժի կիրառման սպառնալիքները և խաղաղ բնակչության, քաղաքացիական բնակչության ահաբեկումը: Եվ այս առավելապաշտական, ագրեսիվ մոտեցումները դրսևորվում են նաև մնացյալ շաղկապված, փոխկապակցված հարցերում, այդ թվում նաև՝ զինված ուժերը սահմանապահներով փոխարինելու, այդ թվում նաև բանակցությունների ընթացքում և այլն: Այսինքն դրանց զուգահեռ սա, իհարկե, մեզ հետ չի պահում շարունակել աշխատել այդ ուղղությամբ, և կրկին վերադառնալով մասնավոր բարձրացված հարցին, այո, դա ընդհանուր կարգավորումների և վերջնական կարգավորումների մաս պետք է լինի», - ասել է Միրզոյանը։