13/04/2023 10:29
«Ժողովուրդ». «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի շուրջ սկանդալներ են հասունանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարին փոխկապակցված խոշոր շինարարական «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի շուրջ սկանդալներ են հասունանում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ համայնքի ղեկավարները դատարաններ են դիմում՝ ընդդեմ ընկերության: Մասնավորապես, Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրում գտնվող հողատարածքի մրցույթն անվավեր ճանաչել, «Համայնքի գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցութային կարգով, 25 տարի ժամկետով, վարձակալության տրամադրելու մասին» 22.04.2019թ. որոշումը, վերացնել, որպես հետևանք՝ «Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին» պայմանագիրը և դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչել:
Այսինքն՝ ինչ տվել են ընկերությանը, հետ են ուզում: Ի դեպ, հենց 2019 թվականի մայիսի 23-ին կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց մի շարք ընկերությունների։ Այդ ընկերությունների ցանկում հատկապես ուշագրավ էր «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն, որը փոխկապակցված է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ։ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն զբաղվում է ավազի և խճի արդյունահանմամբ։ Ըստ կառավարության հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ (Կոտայքի մարզ)։ Նկատենք, որ այս ընկերությունն առաջին անգամ չէ, որ արտոնություն է ստանում գործադիրից։ 2018 թ. հունվարի 25-ին «ՄԼ Մայնինգը» ստացել էր 2 մլրդ դրամի կամ 5 մլն դոլարի սարքավորումների ներմուծման մաքսատուրքի արտոնություն:
Երկու արտոնություն էլ ստացել է 2017-ին՝ հունիսին և օգոստոսին։ «Ժողովուրդ» օրաթերթը դատական համակարգից էլ է ահազանգ ստացել ընկերության գործունեության մասով, որին կանդրադառնանք առաջիկայում»։