14/04/2023 15:55
Մեր տարածաշրջանը կանգնած է նոր մարտահրավերների առջև. Ալեն Սիմոնյան
Այսօր աշխարհը, այդ թվում եւ մեր տարածաշրջանը, կանգնած է նոր մարտահրավերների առջեւ, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ագրեսիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի 150 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքի օկուպացիայի հետեւանքով առաջացած անվտանգության ճգնաժամն ու իրողությունները նոր սպառնալիքներ են խոստանում ամբողջ տարածաշրջանի համար:
«Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը եւ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները՝ ադրբեջանական իշխանությունները ջրաքիսի մուշտակներով «բնապահպանների» կերպարով, շինծու պատրվակներով արդեն ավելի քան չորս ամիս շրջափակել են Լաչինի միջանցքը: Էներգետիկ ենթակառուցվածքների խափանման եւ շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար հայ զրկված է առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների, այդ թվում՝ կենսական բժշկական սպասարկման հասանելիությունից:
Ռուսական խաղաղապահ զորակազմի, որի մանդատը, ի դեպ, մինչ օրս չի ստորագրվել Ադրբեջանի կողմից, ինչպես նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայության շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը դեռեւս չի վերաճել հումանիտար աղետի»,- նշել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահն ընդգծել է՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը կեղծ էկոլոգիական քողի տակ իրական բնապահպանական խնդիրներ է ստեղծել Լեռնային Ղարաբաղում, քանի որ գազի եւ էլեկտրամատակարարման խափանումները հանգեցրել են չպլանավորված անտառահատումների, ինչը կարող է հանգեցնել շրջակա միջավայրի լուրջ համակարգային եւ երկարաժամկետ դեգրադացիայի:
«Լաչինի միջանցքի շրջափակմանը զուգահեռ Բաքուն ահաբեկչության է ենթարկում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը: Ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը: Հաճախ գնդակոծության են ենթարկվում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչները: Այս առնչությամբ կան ռուսական խաղաղապահ զորակազմի բազմաթիվ հայտարարություններ»,- նշել է Սիմոնյանը։