14/04/2023 16:08
Ադրբեջանը պահանջ է հնչեցնում ՀՀ գրեթե ամբողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ. դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ կանխելով իրավիճակի հետագա էսկալացիան. Ալեն Սիմոնյան
ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է ապրիլի 11-ին Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։
«Ընդամենը մի քանի օր առաջ՝ ապրիլի 11-ին, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանային անցակետերը ճշտելու պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինծառայողներին, հրազենից, ապա նաեւ խոշոր տրամաչափի զենքից հրահրել եւ կրակ բացել: Երկու կողմից էլ կան զոհեր եւ վիրավորներ։ Ադրբեջանցի զինվորականների բոլոր գործողությունները փաստագրված են օպերատիվ տեսանկարահանմամբ, որը հասանելի է համացանցում»,- ասել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ իրականացված սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ:
«Ադրբեջանի այս քաղաքականությունը նոր չէ, այն 2021 թվականի մայիսին եւ նոյեմբերին, ինչպես նաեւ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության վրա իրականացված հարձակումների շարունակությունն է, որի արդյունքում Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները:
Պետք է արձանագրեմ, որ նշված հատվածում Բաքվի գործողությունները սադրիչ են եւ հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքում ընդունված համատեղ հայտարարություններին:
Անհրաժեշտ է իրականացնել երկու կողմերի զինված ուժերի հետքաշումը սահմանից անվտանգ հեռավորության վրա՝ որպես իրավիճակի կայունության հուսալի երաշխիք: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում այս հարցում 2021 թվականից, բացի այդ, նման գործողությունը բխում է Պրահայի քառակողմ եւ Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից:
Հայկական կողմը, ինչպես եւ նախկինում, հայտարարում է, որ տարածքային պահանջներ չունի իր հարեւաններից եւ ոչ մեկի նկատմամբ եւ պատրաստ է տեղում ընթացիկ հարցերը լուծել կառուցողական բանակցությունների միջոցով»,- շեշտել է Սիմոնյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ Ադրբեջանը չի դադարեցնում այլատյաց քաղաքականությունն ու հռետորաբանությունը. պահանջներ են հնչում Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ ինքնիշխան տարածքի նկատմամբ:
«Չեմ կարող չնշել բոլորիս առջեւ ծառացած չափազանց կարեւոր հումանիտար հարցերը: Մինչ օրս Ադրբեջանն անօրինական կերպով պահում է ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց: Հրատապ է մնում Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը: Արգելափակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ այն դեպքում, երբ արդեն ոչնչացվել են բազմաթիվ եկեղեցիներ, գերեզմաններ, Հայրենական մեծ պատերազմի մարշալների եւ գեներալների հուշարձաններ: Տպավորությունն այնպիսին է, որ ջնջելով հայկական տառերը եւ փշրելով խաչքարերը, որոնք արդեն մի քանի հարյուր տարեկան են, կարելի է փոխել պատմությունը: Պարզ է, որ դրանով Բաքուն ոչնչացնում է Արցախի բնիկների դարավոր ներկայության հետքերը:
Ամփոփելով վերը նշվածը՝ կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների եւ հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ եւ դրանով իսկ կանխել իրավիճակի հետագա էսկալացիան, որը կարող է տարածվել աշխարհի այլ տարածաշրջաններ», -ասել է ՀՀ ԱԺ նախագահը: