14/04/2023 17:05
Չնայած դժվարություններին, հայկական կողմը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար. Միրզոյանը՝ ԱԳՆԽ նիստին
Ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որն անցկացվել է նեղ, այնուհետև՝ ընդլայնված ձևաչափով:
Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունները քննարկել են հանդիպման օրակարգային՝ հատկապես կազմակերպության շրջանակներում հումանիտար ու մշակութային բնագավառներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ: Նիստի ընթացքում ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ 2024 թվականին Գյումրի քաղաքը «Համագործակցության սպորտային մայրաքաղաք» և 2026 թվականին Կապան քաղաքը «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» հռչակելու վերաբերյալ որոշումները:
Հայկական կողմի ելույթում նշվել է, որ հանդիպումն անցկացվում է ԱՊՀ կանոնադրության ստորագրման 30-ամյա հոբելյանական տարում, և այն լավ առիթ է վերահաստատել ԱՊՀ մասնակից պետությունների հավատարմությունն այդ առանցքային փաստաթղթի հիմնարար դրույթներին, մասնավորապես միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովմանը, պետական սահմանների անքակտելիությանը, գոյություն ունեցող սահմանների ճանաչմանը և ապօրինի տարածքային նկրտումներից հրաժարվելուն, ինչպես նաև «ԱՊՀ ստեղծման վերաբերյալ համաձայնագրի, այդ համաձայնագրին կից արձանագրության, ինչպես նաև Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների կյանքի կոչման վճռականությանը»:
Ընդգծվել է, որ միայն համատեղ կառուցողական ջանքերով հնարավոր կլինի հասնել հստակ և շոշափելի արդյունքների՝ ԱՊՀ գործունեության արդյունավետության բարձրացման համար:
Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի համատեքստում հայկական կողմից ընդգծվել է, որ իրավիճակի կայունացմանն ու երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը բախվում են պաշտոնական Բաքվի չդադարող ագրեսիվ հռետորաբանությանը և շարունակական ռազմական ոտնձգություններին, որոնց հերթական դրսևորումներից էր ապրիլի 11-ին ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում իրականացված սադրանքը։ Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն չորս ամիս շարունակվող ապօրինի արգելափակման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանը ներգրավված բոլոր կողմերից ակնկալում է գործուն քայլեր՝ ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարատադության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման անշեղ կատարման, Լաչինի միջանցքով տեղաշարժի վերականգնման ուղղությամբ՝ խստագույնս հետևելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։
Անդրադառնալով եռակողմ հայտարարության մյուս դրույթների խախտումներին՝ մատնանշվել է, որ հակառակ միջազգային հանրության, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ կոչերի՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ նրանց նկատմամբ իրականացնելով շինծու դատավարություններ և ենթարկելով անմարդկային վերաբերմունքի:
Ամփոփելով նշվել է, որ չնայած բոլոր դժվարություններին, հայկական կողմը հավատարիմ է առկա հանձնառություններին և պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար: