14/04/2023 11:38
Ռուսական ներկայությունը ՀՀ սահմաններին 1990-ականներից է և ապակայունացման բազմաթիվ դեպքեր են եղել. Արմեն Գրիգորյան
Երբ ԵՄ դիտորդները տեղակայվեցին Հայաստանի տարածքում, Ադրբեջանը փորձում էր դիսկրեդիտացիայի ենթարկի կամ փորձի ցույց տալ, որ ԵՄ դիտորդները իրենց առաքելությունը պատշաճ չեն կատարելու: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հաևրցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Բնականաբար, Տեղ գյուղի մոտ այս միջադեպն ուղղված է ԵՄ դիտորդներին, որովհետեւ ակնկալիքը նաեւ այն է, որ ԵՄ դիտորդների տեղակայումը զսպող գործիք է հանդիսանալու Ադրբեջանի համար: Սակայն Ադրբեջանը շարունակում է եւ ռազմական հռետորաբանությունը, եւ սադրանքների կազմակերպումը: Սա բնականաբար մտահոգում է մեզ, մտահոգում է Բրյուսելին: Մենք ակնկալում ենք, որ Բրյուսելը համապատասխան քայլեր կձեռնարկի, որպեսզի համոզված լինենք, որ Ադրբեջանը կեղծ պատրվակներ չի օգտագործելու, ինչպես Տեղ գյուղի դեպքն էր, սադրանք կազմակերպելու», - ասաց նա:
Արմեն Գրիգորյանը նաեւ նշեց, որ սահմանների ողջ երկայնքով կայունության ապահովումը Հայաստանի օրակարգում է. «Կարծում եմ՝ պետք է լինի նաեւ Բրյուսելի օրակարգում, որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք արձագանքում ստեղծված իրավիճակին»:
Դիտարկմանը, որ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արտածին ուժերի ներկայությունը ապակայունացնում է իրավիճակը, ԱԽ քարտուղարն արձագանքեց. «Ռուսական ներկայությունը ՀՀ սահմաններին 1990-ականներից է և ապակայունացման բազմաթիվ դեպքեր են եղել: Մեր համոզմունքը այն է, որ եթե հավելյալ ջանք լինի, ԵՄ դիտորդները կարող են հնարավորություն ստեղծել, որպեսզի կայունություն լինի»: