14/04/2023 09:49
«Ժողովուրդ». Քննիչ հանձնաժողով կհրավիրվի ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, բայց ի՞նչ ընթացակարքով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանից հետո պետք է հրավիրվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Ինչպես հայտնի է, վերջինս գտնվում է ԱԱԾ մեկուսարանում:
Այս պահին, մեր տեղեկություններով, հանձնաժողովի ներսում երկու տեսակետ կա. կա՛մ պետք է իրենք թույլտվություն ստանան և գնան նրա մոտ, կա՛մ պետք է ընթացակարգերով դիմում գրեն և այնպես անեն, որ Դավիթ Տոնոյանին կարողանան բերել ՀՀ Ազգային ժողով։ Հավելենք, որ առաջիկայում այս հանդիպումների շարքը շարունակվելու է, և նոր հրավիրվողներ էլ կլինեն: Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովի գործունեությանը քիչ ժամանակ է մնացել, և պետք է արագացնել աշխատանքները, ամփոփել դրանք և ներկայացնել եզրակացություն:
Այն պետք է լինի Նիկոլ Փաշինյանին պատերազմական հանցանքներից ազատելու մասին փաստաթուղթ: Ասել է թե՝ Փաշինյանն ԱԺ-ին հրահանգել է իրեն մաքրել պատերազմի և պարտության բոլոր մեղքերից ու մեղադրանքներից»։