14/04/2023 15:39
Հայաստանը ներդրել է առավելագույն ջանքերը՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս անցկացնելու համար. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտիին:
Նշենք, որ ապրիլի 15-23-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությունը, որի անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է:
Վարչապետը, ողջունելով երկու ֆեդերացիաների նախագահներին, նշել է, որ Հայաստանը պատվով է հյուրընկալում Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությունը և շնորհակալ է Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաներին՝ այդ գաղափարին աջակցելու համար: «Հայաստանը ներդրել է առավելագույն ջանքերը՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս անցկացնելու համար: Ակնկալում ենք, որ այն կլինի տպավորիչ և հաջողություններով լի», - ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել նաև Ծանրամարտի աշխարհի 2024թ. առաջնությունը:
Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների նախագահները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ Վարչապետի գլխավորությամբ, Օլիմպիական կոմիտեին, կազմկոմիտեին կատարված մեծածավալ աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ առաջնությունը կանցկացվի բարձր մակարդակով: Մուհամմեդ Ջալուդը նկատել է, որ հաշվի առնելով կուտակված փորձը՝ Հայաստանն իրապես կարող է հավակնել Ծանրամարտի աշխարհի 2024թ. առաջնությունը հյուրընկալելուն, ինչի համար արդեն հայտ է ներկայացրել: Իսկ Անտոնիո Կոնֆլիտտին արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և ընդգծել նախապատրաստական աշխատանքների բարձր մակարդակը:
Զրուցակիցները քննարկել են ծանրամարտի և ընդհանրապես սպորտի մասսայականացմանն առնչվող հարցեր: Վարչապետն ընդգծել է, որ սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպի խրախուսումը ռազմավարական ուղղություն է Հայաստանի կառավարության համար, և այդ ուղղությամբ իրականացվում են թիրախային բարեփոխումներ ու ծրագրեր:
Մտքեր են փոխանակվել փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ: