14/04/2023 14:49
ԱՄՀ ներկայացուցիչները տպավորիչ են համարել Հայաստանի՝ 2022թ. 12.6% տնտեսական աճը. ՀՀ-ի համար հասանելի կդառնա 24.8 մլն դոլար ծավալով ֆինանսավորում
ԱՄՀ առաքելության՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում կազմակերպվել են ԱՄՀ աջակցությամբ իրականացվող Պահուստային ծրագրի առաջին վերանայման քննարկումները:
«Հաշվի առնելով Պահուստային ծրագրի ներքո Հայաստանի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը՝ կողմերն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել ծրագրի առաջին վերանայման ուղղությամբ, իսկ վերանայման հաստատումը ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից պլանավորված է 2023թ. հունիս ամսին: Վերանայման արդյունքում Հայաստանի համար հասանելի կդառնա 24.8 մլն ԱՄՆ դոլար (18.4 մլն ՀՓԻ) ծավալով ֆինանսավորում, որը, սակայն, պլանավորվում է օգտագործել միայն վճարային հաշվեկշռի խնդիրների ի հայտ գալու պարագայում:
ԱՄՀ ներկայացուցիչները տպավորիչ են համարել մի շարք մարտահրավերների ու գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանի՝ 2022թ. 12.6% տնտեսական աճն ու 2023թ. առաջին ամիսներին տնտեսական ակտիվության բարձր տեմպը, ինչպես նաև Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության նշանակալի կրճատումը մինչև 46.7%: ԱՄՀ գնահատմամբ՝ ընթացիկ տարում տնտեսական աճի տեմպը որոշակիորեն կդանդաղի, սակայն կմնա կայուն մակարդակում՝ պայմանավորված սպառման և ներդրումների նշանակալի ծավալներով: Կանխատեսվում է նաև, որ մինչև տարվա ավարտը գնաճը կթուլանա՝ պայմանավորված դրամավարկային քաղաքականության խստացման ու դրամի արժևորման հետաձգված հետևանքներով, ինչպես նաև ներմուծվող սննդամթերքի և էներգիայի գների նվազմամբ: ԱՄՀ ներկայացուցիչներն ակնկալում են, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. հավակնոտ ծրագրով նախանշված բարեփոխումների հաստատուն իրականացումը միջնաժամկետում կարող է հանգեցնել ավելի բարձր տնտեսական աճի։
ԱՄՀ-ն ողջունել է ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված հանրային ծախսերի արդյունավետության բարձրացմանը, հանրային ֆինանսների ու հանրային ներդրումների կառավարմանը՝ վստահություն հայտնելով, որ անարդյունավետ հարկային ծախսերի վերացումն ու եկամուտների վարչարարության բարելավումն էական նշանակություն կունենան առաջնահերթ ծախսերի համար անհրաժեշտ հարկաբյուջետային տարածք ստեղծելու համար: Մյուս կողմից, արձանագրվել է պրոակտիվ դրամավարկային քաղաքականության հաջող իրագործումը գնաճային ճնշումների զսպման գործում»,- նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում։