14/04/2023 18:56
Ապրիլի 14-ը ԼՂՀ Առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է
Ապրիլի 14-ը ԼՂՀ Առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է:
Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959 թ. փետրվարի 16-ին՝ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում: 1988 թվականին ծավալված Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից է եղել, 1992 թվականի հունվարի 7-8-ին կայացած ԼՂՀ Գերագույն խորհրդի անդրանիկ նիստում ընտրվել է ԳԽ նախագահ, պաշտոնավարման ամիսների ընթացքում իրեն դրսևորել է որպես արժանավայել ու լուրջ պետական գործիչ՝ ուշադրության կենտրոնում պահելով Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու խնդիրը և դնելով այն հիմնաքարը, որի վրա էլ բարձրացել է Լեռնային Ղարաբաղի պետականությունը։ Արթուր Մկրտչյանի պաշտոնավարության շրջանում ազատագրվել են Ստեփանակերտը օղակող Մալիբեյլին ու Կրկժանը, Խոջալու ավանը, ինչպես նաև Հադրութի մի շարք գյուղեր։ ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին և գործունեությունն անջնջելի հետք են թողել հայկական երկրորդ հանրապետության պատմության մեջ։
«Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում և պաշտպանում է այն»,- սա էր Արթուր Մկրտչյանի համոզմունքը:
Արթուր Մկրտչյանի հիշատակը ոգեկոչելու նպատակով այսօր Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը մի խումբ խորհրդարանականների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել նրա շիրմաքարին: