14/04/2023 22:08
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «Նարեկ»-ի աշխարհաբար առաջին արձակ ամբողջական թարգմանության երրորդ վերահրատարակությունն է լույս ընծայել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը հրատարակել է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթամատյանի` Միսաք Գոչունյանի (Քասիմ) կողմից կատարված աշխարհաբար (արևմտահայերեն) թարգմանության երրորդ վերահրատարակությունը:
Այն առաջին անգամ հրատարակվել է Կոստանդնուպոլսում 1902 թվականին և «Նարեկ»-ի աշխարհաբար առաջին արձակ ամբողջական թարգմանությունն է:
Երկրորդ՝ վերանայված հրատարակությունը (2018 թ․), որն իրականացվել էր Ս․ Էջմիածնի Հրատարակչության կողմից, մեծ ընդունելություն էր գտել ընթերցողների կողմից և առկա տպաքանակը շատ արագ սպառվել էր։
Ուստի Ս․ Էջմիածնի Հրատարակչական բաժինը ձեռնամուխ եղավ կազմարարական և տպագրական հետաքրքիր և գեղեցիկ լուծումներով ընթերցողի սեղանին դնել երրորդ վերահրատարակությունը։
«Նարեկ»-ի երկրորդ (2018 թ․) վերանայված հրատարակությունը պատրաստվել էր պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանի († 2019 թ․) և Մայր Աթոռի Ս․ Էջմիածնի Մատենադարանի և Հրատարակչության տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի կողմից: Խմբագրական բնույթի աշխատանքների և վերջաբանի հեղինակը պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանն է։
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: