14/04/2023 19:22
Հայաստանում քաղաքացիական անձանց կողմից հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստից հետո, չնախատեսված իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի երկու զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ։ Խոսքը երեկ Հայաստանում քաղաքացիական անձանց կողմից հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի մասին է։
«Ադրբեջանցի զինծառայողին հայտնաբերել են քաղաքացիական անձինք, հայտնաբերվածը կասկածվում է խաղաղ բնակչի սպանություն կատարելու մեջ»,- մասնավորապես, ասել է Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն մինչև այս պահը հստակ տեղեկություն չի հաղորդում՝ երեկ հայտնաբերված ու ձերբակալված երկրորդ ադրբեջանցի՞ն է սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին։
«Ո՛չ հաստատող, ո՛չ հերքող որևէ տեղեկություն այս պահի դրությամբ չեմ կարող ներկայացնել», - Aysor.am-ին ավելի վաղ ասել էր ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք նաև, որ երեկ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:
Ոստիկանությունն այսօր նրան փոխանցել է Ազգային անվտանգության ծառայությանը։
Ըստ մամուլում տարածված լուրերի՝ ադրբեջանցու մոտ է եղել ԶՊՄԿ-ում սպանված աշխատակցի հեռախոսը։
Պաշտպանության նախարարությունն ապրիլի 10-ին հայտնել էր Հայաստանի տարածքում Ադրբեջանի մեկ զինծառայողի հայտնաբերելու և ձերբակալելու մասին: Նրան գտել էին Սիսիանի Աշոտավան գյուղի տարածքում, հենց նա էր ասել, որ իր հետ ևս մեկն է եղել: