14/04/2023 10:11
«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմը թերանում է անգամ հասարակ մամուլի ասուլիս կազմակերպելու հարցում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմը, ի թիվս այլ հարցերի, թերանում է անգամ հասարակ մամուլի ասուլիս կազմակերպելու հարցում: Խոսենք փաստերով. երեկ վարչապետի աշխատակազմն ասուլիս էր կազմակերպել՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը նվիրված:
Ի սկզբանե բանախոսների համար նախատեսված սեղանին դրված էին այն մարդկանց անունները, որոնք պետք է մասնակցեին մամուլի ասուլիսին: Ի սկզբանե դրված էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի և «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Հրաչյա Ռոստոմյանի անունները:
Ասուլիսը դեռ չսկսված՝ պարզվեց, որ մեկ բանախոսի անուն մոռացել են տեղադրել սեղանին, այնինչ նա շատ կարևոր անձ է: Անգամ Կարեն Գիլոյանն առաջարկեց իր տեղը զիջել հենց այդ մարդուն, սակայն քանի որ նրա անունը չկար, որոշում կայացվեց սեղաններից հեռացնել բոլոր անունները: Խոսքը վերաբերում էր Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին: Ուշագրավ է, որ Հրաչյա Ռոստոմյանն այդպես էլ չմասնակցեց ասուլիսին։
Վարչապետի ու կառավարության աշխատակազմը մինչ այդ խառնված ինչ-որ կազմակերպչական հարցեր էր լուծում, ջուրը այստեղ կամ այնտեղ դնելու հարցը երկար քննարկում, սակայն անգամ բանախոսների անունները պատրաստել չեն կարողանում»։