14/04/2023 12:18
Գազալցակայանից դուրս գալուց հետո, Honda ավտոմեքենայի սրահում բոց է բռնկվել
Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի սկզբնամասում՝ դեպի Աշտարակ տանող ճանապարհահատավածում, Honda մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, և ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու մասամբ կախվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Երևանի բնակիչ 35-ամյա Սամվել Ք․-ն իր կողմից շահագործվող Honda մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհին գործող գազալցակայանում լիցքավորելուց հետո, դեպի Աշտարակ ընթանալիս, գազի արտահոսքի հետևանքով ավտոմեքենայի սրահում բոց է բռնկվել, ինչից հետո Սամվել Ք.-ն այրվածքներ է ստացել, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Այրվածքաբանութան ազգային կենտրոն։
Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։