14/04/2023 21:35
ԱՊՀ երկրներում գործող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները ուղիղ սպառնալիք են անվտանգությանը, մարդկանց առողջությանը, շրջակա միջավայրին․ ՌԴ ԱԳՆ
ԱՊՀ տարածքում Վաշինգտոնի և նրա դաշնակիցների ռազմա-կենսաբանական գործունեությունը ուղիղ սպառնալիք է ստեղծում կենսաբանական անվտանգության համար, մասնավորապես բնակչության առողջության ու շրջակա միջավայրի համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Սամարղանդում, ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մեծ նշանակություն ունի ԱՊՀ երկրների հետ մեր համագործակցությունը՝ մեր երկրների անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ։ Դրանք և՛ ահաբեկչության սպառնալիքներն են, և՛ սպառնալիքները, որոնք առաջանում են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից ԱՊՀ տարածքում ռազմա-կենսաբանական գործունեության հետևանքով։ Նրանք կենսաբանական անվտանգության տեսանկյունից շատ վտանգավոր նախադեպեր են ստեղծում, դա ուղիղ վտանգի տակ է դնում բնակչության առողջությունը, ուղիղ սպառնալիք է բնությանը»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին հրապարակվել է Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեությունն ուսումնասիրող ՌԴ պետդումայի հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը, որում արձանագրված է, որ Պենտագոնը, հետխորհրդային առանձին պետություններում իր բժշկա-կենսաբանական ծրագրերն իրականացնելիս, կենտրոնացել է այն հանգամանքի վրա, թե ինչպես է հնարավոր չվող թռչունների, չղջիկների, հոդվածոտանիների միջոցով տարածել վտանգավոր ինֆեկցիաների հարուցիչներ։ Չվող թռչունները, չղջիկներն ու հոդվածոտանիներն ամերիկյան մասնագետների կողմից այս գործընթացում դիտարկվել են որպես վտանգավոր միկրոօրգանիզմների բնական, պոտենցիալ «փոխադրող միջոցներ»։
ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը մարդկության համար սպառնալիք է որակել նաև Իրանի ԱԳՆ-ն։
«Ուկրաինայում և որոշ այլ երկրներում գործող ամերիկյան ռազմական կենսալաբորատորիաների մասին տվյալները խորապես անհանգստացնող են։ Այդպիսի գործունեությունը հակասում է ԱՄՆ-ի ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես, կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի պահպանմանը, ինչպես նաև սպառնալիք է ներկայացնում մադկության համար»,- հայտարարել է Իրանի ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ Նա ընդգծել է, որ այս խնդիրը պահանջում է անաչառ միջազգային հետաքննության անցկացում։