15/04/2023 18:52
Առողջ քունը՝ մաշկի երիտասարդության և գեղեցկության հիմնական պատասխանատու
Կոսմետոլոգների շրջանում լայն տարածում ունի «գեղեցկության քուն» արտահայտությունը, որը խորը որակյալ քունն է, իսկ տևողությունը բավարար է օրգանիզմի լիարժեք վերականգնման համար։
Եթե ամեն օր արթնանում եք զարթուցիչից առաջ, զգում եք էներգիայի ալիք և անկեղծորեն ուրախանում հայելու մեջ ձեր արտացոլանքից, ապա դուք տիրապետել եք «գեղեցկության քնի» արվեստին:
Գիշերը մեր օրգանիզմը ակտիվորեն արտադրում է կոլագեն, որի շնորհիվ մաշկը մնում է ձգված և առաձգական։ Բավարար կոլագենի արտադրության համար անհրաժեշտ է գիշերը քնել առնվազն 7 ժամ։
Մաշկի փայլի էֆեկտը ևս ձեռք է բերվում առողջ քնի շնորհիվ, երբ մաշկի և արյան շրջանառությունը առավել ակտիվորեն բարելավվում է քնի և հանգստի ժամանակ։
Գիշերային երկարատև խորը քունը կանխում է նաև աչքերի տակ «պարկերի» առաջացումը։ Փորձեք քնել լիակատար մթության մեջ և օգտագործեք «քնի դիմակներ», որոնք ամբողջովին արգելափակում են լույսը և պաշտպանում աչքերի շուրջ նուրբ մաշկը:
Մեծամասնության մոտ աչքերի տակ կապտուկները վատ քնի հետևանք են, բայց լիովին լուծելի խնդիր: Կապտուկների պատճառ կարող է լինել նաև գենետիկան՝ եթե ունեք բարակ մաշկ և մաշկի մակերեսին մոտ մազանոթներ, իսկ քիչ քնելու դեպքում խնդիրն էլ ավելի է ընդգծվում։
Որակյալ քնի պակասը վատ անդրադարձ է ունենում նաև մազերի որակի վրա. մազի ֆոլիկուլներին զրկում է սննդանյութերից: Դրա պատճառով մազերը դառնում են փխրուն և հեշտությամբ վնասվում: Բացի այդ, քնի պակասը մեծացնում է կորտիզոլի արտադրությունը՝ հորմոն, որի ավելցուկը հանգեցնում է մազաթափության։
Գիշերային քսուքներն ու շիճուկները լավագույնս են ազդում, եթե ձեր մաշկը բավականաչափ որակյալ հանգիստ է ստանում:
100% բնական մետաքսից պատրաստված բարձի երեսները կանխում են մաշկի շփումն ու ձգումը, չեն ներծծում գիշերային քսուքը և չեն փակում մազերի կերատինային թեփուկները՝ դարձնելով մազերը ավելի ամուր և փայլուն։
«Գեղեցկության քնին» պատրաստվելուց առաջ անհրաժեշտ է նաև ըստ պատշաճի մաքրել մաշկը, որը երեկոյան խնամքի ամենակարևոր քայլն է:
Դիմահարդարումը հեռացնելուց հետո դեմքը պետք է լվանալ ջրով և նուրբ կաթիկով կամ փրփուրով։ Դիմահարդարումը մաքրող միջոցները, որոնք ողողում չեն պահանջում, պարզապես մարքեթինգային հնարք են, մասնագետները խորհուրդ են տալիս ցանկացած միջոց կիրառելուց հետո անպայման լվանալ երեսը:
Մոտավորապես 25 տարեկանից սկսած՝ ամեն երեկո անհրաժեշտ է մաշկը խոնավեցնել։ Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս ընտրել հիալուրոնաթթվով միջոցներ՝ առավելագույնի հասցնելու խոնավացումը և կանխելու կնճիռների խորացումը:
Անհրաժեշտ է խոնավացնել մաշկը ոչ միայն դրսից, այլև ներսից. Օրվա ընթացքում շատ մաքուր ջուր խմեք։
Մելատոնինի ակտիվ արտազատումը սկսվում է 21։00-22։00-ն ընկած ժամանակահատվածում և ավարտվում առավոտյան ժամը 5-ի սահմաններում։ Եթե այդ ժամերին մենք չենք քնում, թանկարժեք հորմոնը չի մտնում օրգանիզմ։
Այսպիսով, երիտասարդությունը և գեղեցկությունը պահպանելու կարևոր բաղադրատոմսը վաղ քնելը և վաղ արթնանալն է: Փորձեք վաղը անել ամենաառաջին քայլը՝ արթնանալով 15 րոպե շուտ: Մի քանի օր անց ձեր օրգանիզմը կհարմարվի, և դուք կսկսեք քնել մի փոքր շուտ։
Սկսեք հետևել այս պարզ կանոններին այսօր և դուք անպայման կզգաք տարբերությունը վաղը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։