15/04/2023 19:43
Ատոպիկ դերմատիտ. Հիմնական ախտանշանների և բուժման ընթացքի մասին պատմում է մանկաբույժը
Մաշկի բորբոքային ախտահարման տեսակի՝ ատոպիկ դերմատիտի հիմնական ախտանշանների և բուժման ընթացքի մասին պատմել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժության 2-րդ կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանը:
Ատոպիկ դերմատիտը մաշկի խնդիր է, որի դեպքում մաշկը դառնում է չոր, առաջանում է քոր, կարմրություն, ինչպես նաև արտահայտված եզրագծով ցանավորում:
Այն կարող է ախտահարել երեխային՝ նորածնային շրջանից սկսած մինչև մանկության ավարտը: Իսկ որոշ դեպքերում շարունակվում է նաև մեծ տարիքում:
Չնայած նրան, որ ատոպիկ դերմատիտի պատճառներն ամբողջովին բացահայտված չեն, ամեն դեպքում, գենետիկան կարևոր դեր է խաղում և խնդիրն առավել տարածված է որոշակի ընտանիքներում:
Այն մարդիկ, որոնք ունեն ատոպիկ դերմատիտի ընտանեկան անամնեզ, ավելի բարձր ռիսկի խմբում են այս հիվանդության առաջացման առումով: Պետք է նշել, որ տարբեր մարդկանց մոտ ախտանշանները կարող են տարբեր ձևով արտահայտվել:
Կրծկեր երեխաների մոտ հիմնական տեղակայումը դիմային է, ախտահարվում է դեմքը, այտը, իսկ նախադպրոցական և դպրոցական երեխաների մոտ ախտահարվում են հիմնականում ծալիչ մակերեսները:
Մեծահասակների մոտ կարող է ախտահարվել կոնկրետ մի հատված և երկարատև քրոնիկ ընթացք ունենալ, աչքերի տակ կարող են առաջանալ նաև ծալքեր կամ մգության առկայություն դիտվել:
Որևիցե հետազոտություն, որը կարող է հերքել կամ հաստատել ատոպիկ դերմատիտը՝ չկա:
Բուժումը կարող է ընթանալ փուլերով, պետք է հայտնաբերել և հսկել այն արտաքին գործոնները, որոնք հնարավոր է կառավարել, որպեսզի բարդություններ չառաջանան:
Երեխան չպետք է գտնվի սառը և չոր միջավայրում, պետք է չունենա ավելորդ գերարտադրություն, չտանի էմոցիոնալ սթրեսներ և դեպրեսիաներ, արագ ջերմաստիճանի փոփոխություններ չլինեն՝ սառը օդից տաքը և այլն:
Ատոպիկ դերմատիտը չի բուժվում ամբողջությամբ, սակայն ուրախալին այն է, որ որոշ երեխաների մոտ հիվանդությունը կարող է ընթանալ մինչև 5-7 տարեկանը, այնուհետև ամբողջությամբ անհետանալ:
Խնդրի բուժմամբ զբաղվում են մանկաբույժները, սակայն եթե բուժումը որևէ դրական արդյունք չի տալիս և կարիք կա առավել խորը կամ համակարգային այլ դեղամիջոցներ օգտագործել, ապա երեխային կարելի է ուղղորդել մաշկաբանի մոտ:
Հնարավոր է կարիք լինի սահմանափակել նաև որոշ խնամքի միջոցների օգտագործումը, քանի որ մաշկը կարող է լինել զգայուն:
Պետք է խուսափել փոշոտ միջավայրից, սահմանափակել տաք ցնցուղները, լոգանքից անմիջապես հետո քսել խոնավեցնող քսուքներ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։