15/04/2023 15:12
Կլաարն ասում է, որ անկլավների հարցը օրակարգում է և քննարկումների առարկա, ՀՀ իշխանությունները ժխտում են, որ նման թեմա են քննարկում Ադրբեջանի հետ․ Աշոտյանը նոր տվյալներ է հայտնում ԵՄ առաքելության մասին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությանը։
«Օրերս եվրոպական blankspot.se լրատվականում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում տիրող իրավիճակին, որտեղ մի շարք դիտարժան տեղեկատվություններ կան:
Այդ հոդվածում մեջբերված են թե՛ եվրոպական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտտերի, թե՛ Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մեկնաբանությունները ԵՄ առաքելության գործունեության հետ կապված:
Եթե ամփոփենք, ապա.
1. Առաքելության ղեկավարը հայտնել է, որ առաքելությունը մեկ շաբաթ շուտ տեղեկություններ է հաղորդում Ադրբեջանին իրենց այցելությունների ժամանակացույցի և վայրերի մասին:
Հարց.
Եթե Ադրբեջանը նախապես տեղեկացված է լինելու դիտորդների այցելության մասին, ապա ի՞նչ են ակնկալում արձանագրել դիտորդները:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ սադրանք այդ ուղղությամբ չի իրականացնելու, քանզի տեղյակ է դիտորդների ներկայության մասին:
Այդ դեպքում ո՞րն է դիտարկելու իմաստն ու արդյունավետությունը:
2. Տոյվո Կլաարը միևնույն հարցին պատասխանելիս հայտնել է, որ ոչ թե մեկ շաբաթ, այլ ՝ շաբաթվա սկզբից 2-3 օր շուտ են տեղեկացնում այցելությունների մասին:
Ի դեպ, այդ հոդվածում Տոյվո Կլաարի և Մարկուս Ռիտտերի մեկնաբանությունների միջև սա միակ տարբերությունը չէ:
Առաջ անցնելով՝ ասեմ, որ ակնհայտ է՝ Կլաարն առավել շատ դիվանագիտական, քաղաքական մեկնաբանություններ է անում, իսկ ԵՄ առաքելության ղեկավարը՝ ծառայողական:
Ուստի հակված եմ առավել վստահել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի տրամադրած տեղեկատվությանը:
3. Ըստ առաքելության ղեկավարի մեկնաբանության՝ Ադրբեջանի հետ կապը պահվում է Տոյվո Կլաարի միջոցով և մի դեպք արդեն իսկ գրանցվել է, երբ Ադրբեջանի նախագահը փոխանցել է Կլաարի միջոցով՝ այցելել Հայաստանի հյուսիսում գտնվող «ադրբեջանական էքսկլավներից մեկը». այս դրվագն ինքնին զարհուրելի է:
4. Կլաարի մեկնաբանությամբ՝ դա չի արվել Ալիևի խնդրանքով, այլ՝ որպես ընթացիկ մշտադիտարկման ծրագրի մի մաս (ինչպես արդեն նշեցի, հակված եմ վստահել առաքելության ղեկավարին, ոչ թե դեսպանին):
Կլաարը հայտնում է նաև, որ անկլավների հետ կապված հարցը օրակարգում է և քննարկումների առարկա:
Հիշեցնեմ, որ ՀՀ այսպես կոչված իշխանությունները պարբերաբար ժխտում են, որ նման թեմա են քննարկում ադրբեջանցիների հետ:
Ի մի բերելով այս տեղեկատվությունը՝ կարող ենք ևս մեկ անգամ փաստել, որ ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցերն ավելի շատ են, քան պատասխանները.
Այդպես էլ հայտնի չդարձավ, թե նրանք ինչպես են ուժեղացնում ՀՀ անվտանգությունը:
Դեռևս հստակեցված չէ իրավական հիմքը՝ երկկողմ պայմանագիրը Հայաստանի հետ, ինչի հիման վրա են նրանք գործում և ինչ հիմքով են տեղեկատվություն փոխանցում Ադրբեջանին:
Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է, ի դեպ, դրա մասին նշում է նաև հոդվածագիրը, որ առաքելությունն ավելի շատ ԵՄ-ն տարածաշրջանում ամրացնելու գործիք է, քան ՀՀ անվտանգությունը երաշխավորող մեխանիզմ»,- սոցցանցի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը: