15/04/2023 20:19
«Քաղաքի փողոցում կարտոֆիլին քացի տվողը, քաղաքացու վրա խուլիգանավարի թքողի թիմի անդամը խոսում է քաղաքակրթությունից»․ Արձագանք միջազգային հանրության ներումը հայցող Հովիկ Աղազարյանին
Փաստաբան Արսեն Բաբայանն արձագանքել է իշխող ՔՊ խմբակցության պատգամավորներից Հովիկ Աղազարյանի այսօրվա հայտարարությանը։ Աղազարյանը, հիշեցնենք, Ադրբեջանի դրոշն այրելու կապակցությամբ հայտարարել էր․ «Ես ներողություն եմ խնդրում միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունից, որ որպես քաղաքացի և պատգամավոր, չեմ արել ինձանից կախված առավելագույնը իմ ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները։ Ամոթ ինձ»։
Արսեն Բաբայանն այս հայտարարության առնչությամբ ընդգծել է՝ Հովիկ Աղազարյանի ցինիզմը սահմաններ չի ճանաչում։
«Քաղաքի փողոցում կարտոֆիլին քացի տվողը խոսում է քաղաքակրթությունից ու միջազգային հանրությունից ներողություն է հայցում, որ չի կարողացել քաղաքակրթություն սովորեցնել:
Քաղաքացու վրա թիկնապահների օժանդակությամբ խուլիգանավարի թքողի թիմի անդամը խոսում է քաղաքակրթությունից ու միջազգային հանրությունից ներողություն է հայցում, որ չի կարողացել քաղաքակրթություն սովորեցնել:
Իր քննադատին բռնել և շինելու հրաման տվողի ենթական խոսում է քաղաքակրթությունից ու միջազգային հանրությունից ներողություն է հայցում, որ չի կարողացել քաղաքակրթություն սովորեցնել:
Հովիկ Աղազարյանի ցինիզմը սահմաններ չի ճանաչում...»,- գրել է Արսեն Բաբայանը։