15/04/2023 19:30
Շրջափակման պայմաններում, նաև շարունակական սթրեսով պայմանավորված՝ Արցախում աճել են սիրտանոթային համակարգի հիվանդությունները
«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ առ այսօր տեղափոխվել է 305 հիվանդ․ նրանց մեծ մասն ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով հիվանդներ են, «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
Մինչև այժմ Արցախից ՀՀ տեղափոխված հիվանդների շարքում զգալի թիվ են կազմում նաև հետինպլանտացիոն համուղղում պահանջող, շտապ վիրահատական միջամտությունների կարիք ունեցող հիվանդները։
Նրանց մի մասն՝ ուղեկցողների հետ միասին, արդեն վերադարձել են Արցախ։
«Շրջափակման պայմաններում, ինչպես նաև շարունակական սթրեսով պայմանավորված՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները. դրանց թվում են՝ սրտի իշեմիկ հիվանդությունը՝ 58%, գլխուղեղի կաթվածը՝ 36%, ծննդաբերական բարդությունները՝ 11.6% և մի շարք այլ հիվանդություններ»,-տեղեկացրել են Արցախի առողջապահական գերատեսչությունից:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են նաև նյարդային ու հոգեբանական խնդիրները․ համապատասխան մասնագետների՝ նյարդաբանի ու հոգեբանի մոտ երեխաների այցերն աճել են 46%-ով, չափահասներինը՝ 47%:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 25%-ով էլ աղիքային անանցելիության պատճառով վիրահատական միջամտությունների դեպքերն են աճել։ Պատճառը, համաձայն Արցախի առողջապահության նախարարության մասնագետների, ըստ ամենայնի՝ սննդի մեջ բջջանքի սղությունն է:
Արցախում շատացել են նաև շմոլ գազից թունավորման դեպքերը, ինչը պայմանավորված է գազամատակարարման պարբերական ընդհատումներով ու թերի վերականգնմամբ։
Արցախի առողջապահության նախարարությունը նաև վստահեցրել է, որ կարմրուկի դեպքեր Արցախում չեն արձանագրվել։
Միևնույն ժամանակ, Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակված լինելու հետևանքով բոլոր բուժհաստատություններում շարունակվում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։