15/04/2023 19:10
Ադրբեջանում հասկանում են, որ արարքը անձի կողմից է արված, պետական վերաբերմունք չէ․ Հիմա փորձում ենք մեղմել վիճակը․ Գիլոյան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելուն հաջորդած զարգացումներին է անդրադարձել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում։ Նա, մասնավորապես, անդրադարձել է ադրբեջանական պատվիրակության վերադարձի որոշմանը։
«Հավաքականի վերադարձի մասին որոշումը կայացվել է Ադրբեջանում: Անձամբ զրուցել եմ պատվիրակության ներկայացուցիչների հետ, նրանք ինչ-որ բանից դժգոհ չէին: Պատվիրակության ղեկավարը, մարզիչները միաբերան ասում էին, որ շոյված են, լավ են զգում, իրենք խնդիր չունեն վտանգի հետ կապված: Պարզապես հրահանգ են ստացել և չեն կարող չկատարել հրահանգը, պիտի վերադառնան: Սա պարզապես պատրվակ է: Հայաստանի Հանրապետությունը ապահովել և ապահովելու է բոլորի անվտանգությունը»,-ասել է Գիլոյանը։
Կարեն Գիլոյանի խոսքով` միջադեպն օգտագործվել է, որպեսզի ստվեր գցվի առաջնության ընթացքի վրա:
«Այո, միջադեպը սպորտային չէ, և տխուր փաստ է: Բայց իրենք հասկանում են, որ արարքը պարզապես անձի կողմից է արված, պետական վերաբերմունք չէ: Հիմա փորձում ենք մեղմել վիճակը: Եթե նախօրեին մեծ էր հաջորդ տարվա աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հավանականությունը, ապա այսօր այն բավականին նվազել է»,- ասել է Գիլոյանը։
Հիշեցնենք՝ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը իրենց մասնակցությունը դադարեցրած ադրբեջանցիները արդել լքել են Հայաստանի տարածքը։ Նրանք հասել են Թբիլիսի, որտեղից էլ կթռչեն Բաքու։