15/04/2023 14:26
Կներկայացվի «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը
«Կանտատա» մշակութային ՀԿ-ն ներկայացնում է նոր և բացառիկ «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը։ Առաջին համերգը կկայանա ապրիլի 21-ին, ժամը 19:00-ին՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում և նվիրված է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան, որին ելույթ կունենա Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Համերգը կուղեկցվի դանշակահար Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ։ Բեմադրող ռեժիսոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյան։
Ծրագրում ներկայացված է ֆրանսիական իմպրեսիոնիզմն իր ողջ գունապնակով։ Կհնչեն Մ․ Ռավելի «Շեհերազադե», «Պավան», «Հայտնի երգեր» (ժողովրդական երգերի շարք), «Հունական երգեր», Հ․ Բեռլիոզի «Վիլլանելե», Գ․ Ֆորեյի «Ադաջետո» և «Իմպրովիզ», Կ․ Դեբյուսիի «Երազ» ստեղծագործությունները։
Նախագիծն իրականանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գործընկերությամբ։
«Չբացահայտված Եվրոպա» նախագիծը եվրոպացի հայտնի կոմպոզիտորների՝ Հայաստանում չկատարվող ստեղծագործություններից բաղկացած ծրագիր է։ Այն բաղկացած է վոկալ-կամերային երեք համերգներից, որոնցից երկուսը նվիրված է եվրոպական կոնկրետ երկրի (Ֆրանսիա, Գերմանիա), իսկ վերջինը՝ Եվրոպային։
Ստեղծագործությունները գրված են ձայնի, կամերային նվագախմբերի և կամերային այլ կազմերի համար։ Յուրաքանչյուր համերգ ուղեկցվելու է ռեժիսորի կողմից պատրաստված պրոյեկցիաներով՝ ծրագրի բովանդակությանը համապատասխան։