15/04/2023 18:19
ԱՄՆ-ն հայտարարել է՝ Վիետնամի հետ համագործակցությունն ընդլայնում են ու «նոր մակարդակի բարձրացնում» երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Վիետնամի հետ, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Հանոյում Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինի հետ բանակցություններից առաջ։
«Աննախադեպ ակտիվացում է նկատվում ԱՄՆ-ի և Վիետնամի հարաբերություններում՝ բազմաթիվ ոլորտներում, ինչը օգուտ է բերում ինչպես Վիետնամի բնակչությանը, այնպես էլ ԱՄՆ-ին։ Հուսով ենք, որ երկկողմ հարաբերությունները ավելի բարձր մակարդակի կհասցնենք, ավելի կընդլայնենք տնտեսական համագործակցությունը, կաշխատենք այն հարցերի ուղղությամբ, որոնք կարևոր են մեր ժողովուրդների համար՝ սկսած կլիմայական փոփոխություններից մինչև վերականգնվող էներգիայի նոր աղբյուրներ գտնելը և ավելի կայուն մատակարարման շղթաների ստեղծումը»,- ասել է Բլինքենը
Նշենք, որ մարտի վերջին էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Վիետնամի իշխող կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Տրոնգն էին հեռախոսազրույց անցկացրել՝ քննարկելով Վաշինգտոնի ու Հանոյի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև իրավիճակը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։