15/04/2023 01:00
Արամ Նիկոլյանն ազատության մեջ է, նրան մեղադրանք չեն առաջադրել՝ հանցակազմի բացակայության հիմքով
Դիզայներ Արամ Նիկոլյանն ազատության մեջ է։ Րոպեներ առաջ նա դուրս եկավ ոստիկանության Մալաթիայի բաժնից։ Նիկոլյանին դիմավորեցին ծափահարություններով, գրկախառնություններով։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ոստիկանության բաժնի մոտ հայտնեց՝ ինչպես անհասկանալի պատճառներով ձերբակալեցին Արամ Նիկոլյանին, այնպես էլ անհասկանալի պատճառներով ազատ արձակեցին։
Փաստաբանի խոսքով՝ Նիկոլյանին մեղադրանք չի առաջադրվել, քրեական վարույթ չի նախաձեռնվի՝ հանցակազմի բացակայության պատճառով։
«Շատ լավ է, որ քննության հենց վաղ փուլում քննչական ստորաբաժանումն արձանագրեց հանցակազմի բացակայություն։ Նախնական տեղեկություններով՝ քրեական վարույթ չի նախաձեռնվի։ Այս պահին Արամ Նիկոլյանն ամբողջությամբ ազատ է արձակվել արգելանքից՝ կարիքը վերանայելու անհրաժեշտությամբ։ Քննչական ստորաբաժանումը քրեական վարույթ նախաձեռնելը մերժելու մասին որոշում է կայացրել, ուղարկել դատախազի հաստատմանը»,- ասաց փաստաբան Կոչուբաևը։
Հիշեցնենք՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու համար դիզայներ Արամ Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանություն։