15/04/2023 10:48
«Ժողովուրդ». Կառավարությունը հերթական կասկածելի նախագիծն է հաստատել ապրիլի 13-ի նիստում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը հերթական կասկածելի նախագիծն է հաստատել ապրիլի 13-ի իր նիստում. այդ օրը ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից 895 մլն 514 հազար դրամ է փոխանցվել ՀՀ «Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Ռազմավարական հետազոտությունների իրականացում և առաջարկությունների ներկայացում» միջոցառմանը։
Ընդ որում՝ նախագծի մեջ 2-րդ-ից 4-րդ կետերը գաղտնի են, և միայն հիմնավորման մեջ նշվում է, թե առաջնահերթությունների վերանայմամբ պայմանավորված է նման որոշում կայացվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ֆինանսների նախարարությունը վերապահումներ է ներկայացրել այս նախագծի վերաբերյալ, դրանք ընդունվել և խմբագրվել են, և, միևնույնն է, նման որոշում է կայացվել:
Ֆինանսների նախարարությունը նշել է, թե դիտողություններ ունի, և այն ներկայացվել է նախագծի գաղտնի հատվածում:
Հավելենք, որ գումարի ծախսի նպատակների մասին որևէ խոսք առկա չէ նախագծում. միայն հավելվածից տեղեկանում ենք, որ գումարը բաշխվելու է որպես ընթացիկ և կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին»։