17/04/2023 21:11
Դաջվածքը բաց վերք է, որը պահանջում է ուշադրություն և խնամք. Մաշկաբանի խորհուրդը
Դաջվածքը մաշկի տակ ներկանյութերի ներարկմամբ պատկերների, նախշերի, խորհրդանշանների դրոշմումն է: Հատուկ ասեղի օգնությամբ 3 մմ խորությամբ մաշկի տակ է ներարկվում պիգմենտը, որը բավականին երկար մնում է այնտեղ: Դաջվածքների համար նախատեսված ներկերը կարող են վնասակար լինել, իսկ երբեմն էլ ալերգիաների առաջացման պատճառ դառնալ:
Մաշկաբան-վեներոլոգ Սահակ Հակոբյանը նշում է, որ դաջվածքը հակացուցված է ինչպես անչափահասներին, հղիներին և քրոնիկական հիվանդություններ ունեցողներին, այնպես էլ շաքարային դիաբետ, սիրտ-անոթային հիվանդություններ, մաշկային և արյան խնդիրներ ունեցող մարդկանց:
Մաշկաբանի խոսքով՝ խորհուրդ չի տրվում դաջվածք անել դաշտանային ցիլկի մեջ գտնվողներին, արյան մակարդելիության խնդիր ունեցողներին, մաշկային նորագոյացությունների և էպիլեպսիայի դեպքում:
Դաջվածքն, ինքնին, համարվում է բաց վերք և մշակելիս պահանջվում է հատուկ ուշադրություն, քանի որ սխալ խնամելու դեպքում կարող է մաշկի տակ վարակ անցնել:
Դաջվածք անելուն հաջորդող առաջին շաբաթը համարվում է դաջվածքի ապաքինման փուլ: Այդ ընթացքում անհրաժեշտ է հետևել մասնագետի ցուցումներին, հարկ եղած դեպքում դիմել մաշկաբանի: Քոր և այրոցի զգացողություն կարող է առաջանալ անգամ արևի ճառագայթներից:
Դաջվածք կատարելու ընթացքում ցավը հաղթահարելու համար անհրաժեշտ է ընդհատել գործընթացը և խորը շունչ քաշել՝ հետևելով մասնագետի խորհուրդներին:
Ուշադրություն դարձրեք, որ դաջվածք անելիս մասնագետը օգտագործի բոլորովին նոր պարագաներ՝ ասեղներ, ձեռնոցներ, ներկեր: Վարակները կարող են փոխանցվել նաև թանաքի միջոցով:
Սանիտարահիգիենիկ վատթար պայմանները կարող են դառնալ մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ՝ հեպատիտ A, B, C, սնկային հիվանդությունների հարուցիչներ և այլն:
Մաշկաբան-վեներոլոգի խոսքով՝ անչափահասների մոտ հինայից ևս կարող է առաջանալ կոնտակտային մաշկաբորբ:
Դաջվածքները ճիշտ խնամելու համար անհրաժեշտ է պահպանել մի քանի կանոն.
«Մաշկի տակ օտարածին նյութեր անցնելու պարագայում հնարավոր է առաջանան ալերգիկ ռեակցիաներ: Դաջվածք անելուց հետո մի քանի օր խորհուրդ չի տրվում լվանալ տվյալ հատվածը»,- նշում է Սահակ Հակոբյանը:
Անհրաժեշտ է մասնագետի կողմից առաջարկած մաքրող և սնուցող օճառով լվանալ դաջվածքի հատվածը՝ խուսափելով այն օճառներից, որոնք կարող են գրգռել մաշկը:
Պետք է հիշել մի կարևոր պայման ևս՝ դաջվածք անելն ավելի հեշտ է, քան այն հեռացնելը: «Կատարվում է լազերային հեռացում, սակայն ամբողջությամբ դաջվածքը հեռացնելու համար անհրաժեշտ է գործընթացը կրկնել մի քանի անգամ»,-ավելացնում է մաշկաբանը:
Հիշե՛ք, որ դաջվածքը բաց վերք է և յուրաքանչյուր բակտերիա կարող է վնասել ձեզ և դանդաղեցնել բուժման ընթացքը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։