17/04/2023 20:47
Բոլորն ասում են՝ եթե բախտ ունենայինք ապրել իր ղեկավարած երկրում, ապա կունենայինք այլ Հայաստան․ Կարեն Դեմիրճյանի թոռնուհի
1932 թվականի ապրիլի 17-ին է ծնվել քաղաքական և պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար (1974-1988 թվականներ), ՀՀ Ազգային ժողովի նախագահ (1999 թվական), Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը։
Կարեն Դեմիրճյանի հիշատակը հարգելու համար բազմաթիվ քաղաքացիներ են այսօր այցելել նրա շիրիմին, ինչպես նաև Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամները, հարազատներ։
«Ինձ ուրախացնում է, որ բոլորը միաձայն ասում են, որ եթե մենք բախտ ունենայինք ապրել իր ղեկավարած երկրում, ապա կունենայինք այլ Հայաստան»,- Ա1+-ի հետ զրույցում ասել է Կարինե Դեմիրճյանը՝ Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիճյանի թոռնուհին։
«Այս ամբողջ տարիների ընթացքում ես զգում եմ այն սերը, հարգանքը և գնահատականը մարդկանց կողմից, ովքեր ճանաչել են իրեն»,- հավելել է նա։
Կարեն Դեմիրճյանի թոռնուհին, խոսելով պապի մասին, նշել է՝ նա շատ սկզբունքային և արդարամիտ էր․ «Նրա կողմից արժեքներ են սերմանվել մեր մեջ, որոնք մենք փորձում ենք փոխանցել մեր սերունդներին»։
Հարցին՝ արդյոք ընտանիքում Կարեն Դեմիրճյանը խստապահա՞նջ էր՝ Կարինեն պատասխանել է․ «Նա մեր ընկերն էր և անչափ սեր, ուշադրություն և հոգատարություն տվող պապիկ»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում